«Լրագիր» 24-12-2010- ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը ՀՅԴ 120-ամյակի կապակցությամբ Արցախում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառմանը հայտարարել է. “Արցախը հզոր է: Արցախցիների տունդարձի ժամանակն է: Արցախցիները ոչ մի տեղ չեն կարող այնքան օգտակար լինել Արցախին, որքան հենց Արցախում: Դեպի տուն` Արցախ, վերադարձի ժամանակն է”:Հրանտ Մարգարյանն իսկապես կարեւոր թեմա է շոշափում, որը թերեւս արժե մի փոքր մասնավորեցնել: Մասնավորեցնել այն իմաստով, որ տունդարձի կոչը նախ եւ առաջ պետք է վերաբերի այն արցախցիներին, ովքեր հրապարակային, հայտնի դեմքեր են: Բանն այն է, որ շարքային մարդկանց, տվյալ դեպքում շարքային արցախցիների վարքագիծը թերեւս զգալիորեն պայմանավորված կլինի հենց այդ “հայտնի” արցախցիների վարքագծով: Ահա թե ինչու է կարեւոր, որ տունդարձի կոչը առնչվի առաջին հերթին նրանց:
Օրինակ, այդ կոչն առաջին հերթին պետք է առնչվի ասենք Արկադի Ղուկասյանին, ով թողնելով Ղարաբաղի նախագահի պաշտոնը, ոչ թե մնաց Ղարաբաղում ապրելու, ինչը կարող էր լավ օրինակ եւ հոգեբանական լիցք լինել թե Արցախում ապրող բնակչության, թե գուցե նաեւ դրսում ապրող արցախցիների համար, եկավ Հայաստան եւ նոր պաշտոն ստացավ: Արկադի Ղուկասյանն իհարկե կասի, որ այդ պաշտոնում ծառայում է ոչ թե իր, այլ հայրենիքի համար: Բայց հենց այդ դեպքի մասին է թերեւս դիպուկ ասել Հրանտ Մարգարյանը, որ “արցախցիները ոչ մի տեղ չեն կարող այնքան օգտակար լինել Արցախին, որքան հենց Արցախում”:
Ղարաբաղի նախագահի պաշտոնը թողնելուց հետո մնալով Ղարաբաղում, Արկադի Ղուկասյանը կվկայեր, որ այդ երկրի հետ կարելի է հույս կապել, այդ երկիրն ապագա ունի, այդ երկիրը պետական արժանապատվություն ունի եւ միայն նախագահելու կամ տոն օրերին ցուցադրվելու համար չէ, որ պիտանի է:
Հրանտ Մարգարյանի կոչը կարող է վերաբերել Ռոբերտ Քոչարյանին, ով 13 տարի առաջ Ղարաբաղի նախագահի պաշտոնը թողեց եկավ Հայաստան, դարձավ վարչապետ, հետո նախագահ, բայց պաշտոնը թողնելուց հետո էլ չի վերադարձել Արցախ: Հրանտ Մարգարյանի կոչը կարող է վերաբերել Սամվել Բաբայանին, ով ազատազրկման վայրից դուրս գալուց հետո եկավ Հայաստան ու հայտարարեց, որ հարցերը այստեղ են լուծվում, ոչ թե Արցախում, կուսակցություն հիմնեց, հետո փակեց, իսկ այժմ կարծես թե զբաղվում է բիզնեսով:
Մի քիչ իհարկե անիրական է, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա եւ վերադառնա Արցախ, կամ ավելի ճիշտ Արցախ վերադառնալու համար հրաժարական տա: Բայց թերեւս անկասկած է, որ երբ նա էլ թողնի պաշտոնը, հազիվ թե Արցախ վերադառնա: Արցախը նրանք իրենց ապրելու համար փոքր ու մանր են համարում: Արցախը նրանք պիտանի են համարում իշխելու, արցախցիների առաջ ամպագոռգոռ ելույթներ ունենալու համար: Ապրելու համար նրանք հաստատ նույնիսկ Հայաստանն են իրենց համար փոքր ու մանր համարում, պարզապես դա արդեն չափից դուրս կլինի, եթե թողնեն ու գնան արտասահմանում ապրեն, առավել եւս, որ սրտների ուզած պահին կարող են գնալ, եւ գնում են:
Կարելի է թվարկել շատ ու շատ մարդկանց, ովքեր Արցախը թողել են վերջին տարիներին, տեղափոխվել են Հայաստան եւ այստեղ պաշտոնի կամ բիզնեսի տեր դարձել: Նրանցից շատերն իհարկե պարբերաբար օգնում են Արցախին, հայտարարում, թե պաշտոններն ու բիզնեսը Արցախին ծառայելու համար են: Բայց այդ ամենն ավելի շատ արդարացում է հիշեցնում, արդարացում, թե ինչու են հեռացել Արցախից:
Թեեւ, ամեն ինչ իհարկե հարաբերական է եւ պետք չէ բացառել, որ Արցախի բնակչությունը ինչ որ տեղ նաեւ գոհ է, որ այդ մարդիկ իրենց մոտ չեն բնակվում:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment