Saturday, January 22, 2011

ԵԱՀԿ նախագահ. Ինձ անհանգստացնում են ԼՂ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը

News.am. 21-1-2011- Ղարաբաղյան հակամարտության կարգավորման պատասխանատվությունն ընկած է հակամարտող կողմերի վրա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Լիտվայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրոնյուս Աժուբալիսը:
«Ինձ անհանգստացնում են ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: Միեւնույն ժամանակ ես ողջունում եմ ռազմագերիներին փոխանակելը, որի համաձայնությունը ձեռք է բերվել Աստրախանում: Ես գիտեմ, որ լուծումը բարդ է տրվում, իսկ առաջընթացը դանդաղ է ընթանում: Մենք աջակցելու ենք ԵԱՀԿ ակտիվացմանը, որպեսզի նոր խթան հաղորդենք Լեռնային Ղարաբաղի քաղաքական բանակցություններին»,- ասել է նա:
Աժուբալիսն ընդգծել է, որ ԵԱՀԿ-ում նախագահող Լիտվայի գերակայություններից է երկխոսությունը բաց պահելը: «Անգամ փոքրիկ առաջընթացը փոխումէ մարդկանց կյանքը»,- ասել է նա:
Աժուբալիսը նշել է նաեւ, որ ձգձգված հակամարտությունների գծով հատուկ ներկայացուցիչ Գեդրյուս Չյակուոլիսը փետրվարին այց է կատարելու Հայաստան եւ Ադրբեջան: Նա երկխոսություն է սկսելու կողմերի հետ եւ նախապատրաստելու է Աժուբալիսի՝ գարնանը կայանալիք այցը:

No comments: