Պարզ է, որ եթե Սերժ Սարգսյանը գործով պատրաստվում էր հենց այդպես էլ կառավարել, ապա դրա ազդեցությունը հասարակության վրա պետք է լիներ առավել ցավոտ, քան Քոչարյանի տարիներին էր: Իհարկե, ցավալին հիմնականում սոցիալ-տնտեսական բնագավառում է, քանի որ քաղաքական եւ իրավական առումով ամեն ինչ կարծես թե նույնն է, եւ հասարակությունը հավասարապես իրավազուրկ է, իսկ որոշակի բարեփոխումներն էլ կրում են հիմնավորապես ձեւական բնույթ:
Իսկ ինչու պետք է կառավարման քոչարյանական ոճը Սերժ Սարգսյանի պարագայում հասարակության համար ունենար առավել ցավոտ սոցիալ-տնտեսական ազդեցություն: Բանն այն է, որ այդ ոճը ենթադրում է լիակատար վերահսկողություն կապիտալի հանդեպ: Եթե չկա կապիտալի հանդեպ լիակատար վերահսկողություն, ապա քոչարյանական ոճի կառավարումն անհնար է, որովհետեւ այդ կառավարումը հիմնված չէ սահմանադրական եւ օրենսդրական մեխանիզմների վրա: Այդ ոճը ենթադրում է բացառապես ստվերային մեխանիզմների կիրառում, ինչն էլ պահանջում է կապիտալի լիակատար վերահսկողություն:
Դա էլ իր հերթին ենթադրելու էր սեփականության վերաբաշխման գործընթաց: Պարզ է, որ այդ գործընթացը չէր լինի հեղափոխական ճանապարհով, որովհետեւ խոսքը ներհամակարգային վերաբաշխման մասին է: Իսկ այդ դեպքում հեղափոխականությունը մեծացնելու էր ներհամակարգային դիմադրությունն ու հեղաշրջման վտանգը: Իսկ լինելով նոր նախագահ, առավել եւս բավականին խոցելի պայմաններով, Սերժ Սարգսյանը անկասկած չէր կարողանալու կանխել այդ դիմադրությունն ու հեղաշրջումը: Մինչդեռ դրա հավանականությունը գրեթե 100 տոկոս էր, քանի որ Ռոբերտ Քոչարյանը բաց չէր թողնի շատ արագորեն իշխանություն վերադառնալու հնարավորությունը` կամ անձնապես, կամ էլ առավել դրածո գործչի միջոցով, որն իր համար ավելի վերահսկելի կլիներ, քան Սերժ Սարգսյանը:
Բայց թեեւ սեփականության վերաբաշխումը ներհամակարգային էր, այն ազդեցութուն ունենալու էր համակարգից դուրս գտնվող հասարակության վրա, որովհետեւ Հայաստանի տնտեսությունն ամբողջությամբ կամ գրեթե 99 տոկոսով գտնվում է իշխանական համակարգի սահմաններում: Ոչ իշխանավոր, կամ իշխանության հետ սերտ առնչություն չունցող որեւէ մեկը չի կարող քիչ թե շատ զգալի տեղ ունենալ Հայաստանի տնտեսական համակարգում: Այդ իսկ պատճառով էլ ներհամակարգային սեփականության վերաբաշխումը իր հետքը թողեց նաեւ հասարակության վրա: Օրինակ, դրա վառ վկայություններից է այն, որ խոշոր օլիգարխներին պատկանող սուպերմարկետների ցանցերը անշեղորեն ընդլայնվում են, ինչը աներկբա հարվածում է փոքր ու միջին առեւտրով զբաղվողներին, որոնց թիվը Հայաստանի ՓՄՁ ոլորտում բավական մեծ է: Իսկ դա էլ իր հերթին բերում է թե բացահայտ, թե նաեւ որոշակիորեն “թաքնված” գնաճի:
Ներհամակարգային սեփականության վերաբաշխման գործընթացի դրսեւորումները ցայտուն դրսեւորում են ստացել նաեւ վերջին օրերին: Մենք ականատես ենք լինում, որ Երեւանում տեղի է ունենում պայքար փողոցային առեւտրի դեմ, երբ ապամոնտաժվում են փողոցային առեւտրի կրպակները, եւ այլն: Գրեթե որեւէ մեկի համար կասկած չկա, որ փողոցային առեւտուրը Հայաստանում գոյություն ուներ միայն այն պատճառով, որ դրանից իր բաժինը ստանում էր իշխող “վերնախավի” ինչ որ մի սեգմենտ: Ամենակուլ համակարգը բացառում է որեւէ քիչ թե շատ նշանակալից սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքի ինքնավար գործունեություն:
Այժմ իշխանական համակարգում թերեւս թուլացել է այդ համակարգի “պահապան” սեգմենտը եւ տեղի է ունենում վերաբաշխում հօգուտ մեկ այլ սեգմենտի, որի շահույթը ասենք ոչ թե փողոցի առեւտրի համակարգն է, այլ, օրինակ, սուպերմարկետների կամ խոշոր առեւտրի այլ կենտրոնների համակարգը:
Այդ ամենից բխող շատ հարցերի թվում կա թերեւս մեկը, որն ավելի ու ավելի է վեր բարձրանում: Ի վերջո, վերաբաշխման այդ գործընթացն իշխանության ուժի՞, թե հուսահատության` ընտրությունից առաջ այսպես ասած վերջին շանսի դրսեւորում է: Բանն այն է, որ ներհամակարգային վերաբաշխման գործընթացն ավելի ու ավելի ցավալի հարվածներ է հասցնում հասարակության սոցիալ-հոգեբանական վիճակին, ինչը կարծես թե ավելի ու ավելի է մոտեցնում սոցիալական ապստամբության վտանգը:
Արդյոք իշխանությունը չի վախենում դրանից, արդյոք իրեն համարում է այնքան ուժեղ, որ կարող է թե ներհամակարգային վերաբաշխում թույլ տալ` չվախենալով հենց համակարգի ներսում հնարավոր դիմադրությունից, թե չվախենալով հասարակության դժգոհության գործնական դրսեւորումներից: Թե՞ իշխանությունը տեսնում է, որ մոտենում է համապետական ընտրությունների կարեւոր փուլը, իսկ ինքը դեռ ամբողջ կապիտալը չէ, որ վերահսկում է, ինչն էլ իր հերթին առաջացնում է ընտրությունների փուլի անվերահսկելիության վտանգ: Հետեւաբար մնում է գնալ վա բանկ: Հնարավոր է նաեւ, որ իշխանությունը պարզապես կորցրել է չափի, ժամանակի ու տարածության զգացումը եւ վստահ է, որ հասարակությանը կարելի է պարտադրել ցանկացած որոշում: Եթե գործ ունենք հենց այդ իրողության հետ, ապա իշխանությունը թերեւս հասել է շատ վտանգավոր սահմանային մի իրավիճակի, երբ չափի, ժամանակի ու տարածության զգացումը հանկարծ կարող է կորցնել նաեւ հասարակությունը: Ի վերջո, ոչ միայն վայելքն է բերում ինքնամոռացության, այլ նաեւ անելանելի ծանրությունը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment