Wednesday, January 26, 2011

ԱՆԿԱՐԱՅԻ ՀԱՄԱՌՈՒԹՅԱՄԲ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՍՐՎԵՑ ԹՈՒՐՔ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ

Իսրայելն այլեւս «Մավի Մարմարայի» միջադեպի առթիվ ո՛չ ափսոսանք կհայտնի, ո՛չ էլ փոխհատուցում կվճարի զոհվածների հարազատներին
«ԱԶԳ», 26-01-2011- Ինչպես հայտնի է, անցյալ տարվա մայիսի 31-ին իսրայելական հատուկ ջոկատի զինվորները հարձակում էին գործել Գազայի հատված մարդասիրական օգնություն տանող «Ազատության նավատորմիղի» վրա, որի հետեւանքով սպանվել էր թուրքական «Մավի Մարմարա» նավի 9 ուղեւոր: Այդ նավը անձնակազմի 29 անդամներով եւ 561 ուղեւորներով նավատորմիղում խոշորագույնն էր:
Հունիսի 26-ին թուրքական կողմը Իսրայելից պահանջել էր մեկ ամսվա ընթացքում պաշտոնապես ներողություն խնդրել Թուրքիայից, թուրքական պետությանը վճարել փոխհատուցում եւ անհապաղ վերադարձնել առգրավված նավերը: Վարչապետ Բենիամին Նաթանյահուի կառավարության բուռն հակազդեցությունը թուրքական պահանջներին ծայրաստիճան սրել էր Թուրքիայի հետ տարաձայնությունները:
Անցյալ տարվա վերջերին առկա էին տարաձայնությունների հաղթահարման բոլոր պայմանները. մանավանդ որ երկու երկրների արտգործնախարարությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ հանդիպումներ էին ունեցել Ցյուրիխում: Սակայն «Մավի Մարմարայի» տախտակամածում կացիններով, դաշույններով, երկաթե ձողերով կազմուպատրաստ իսրայելական հատուկ ջոկատի հարձակմանը սպասող 9 թուրք «ուղեւորի» սպանության համար Իսրայելից պաշտոնապես ներողություն պահանջելու Անկարայի համառությունը գերազանցեց ենթադրությունները: Այսպիսով տարաձայնությունները վերաճեցին թուրք-իսրայելական ճգնաժամի:
Իսրայելը համաձայնեց միջադեպի առնչությամբ ափսոսանք հայտնել, իսկ փոխհատուցումը վճարել ոչ թե պաշտոնապես Թուրքիային, այլ զոհվածների հարազատներին: Թվում էր, թե ելման կետ է վերադառնում թուրք-իսրայելական ճգնաժամը եւ հանկարծ աննախադեպ սրվեց: Դրա պատճառը միջադեպի առնչությամբ իսրայելական կառավարության կազմավորած հանձնաժողովի զեկուցագիրն է, որի կազմում ընդգրկված են կանադացի եւ իռլանդացի երկու անկախ դիտորդներ:
Շուրջ 300-էջանոց այս զեկուցագիը հրապարակվեց հունվարի 23-ին հանձնաժողովի կայքէջում: Հրապարակումից մեկ ժամ առաջ, ինչպես վկայում է Նյու Յորքի turkishny.com կայքէջը, ներկայացվել է վարչապետ Նաթանյահուին: Առանց մանրամասնելու ասենք, որ զեկուցագիրը արդարացնում է իսրայելական հատուկ ջոկատի գործողությունը «Մավի Մարմարա» նավի տախտակամածում, նշում է, որ հատուկ ջոկատի կիրառած ուժը համաչափ էր, որովհետեւ ուղեւորների մեջ թաքնված գրոհայինները զինվել էին երկաթե ձողերով, կացիններով եւ դաշույններով, քանի որ նրանք անմիջականորեն կռվի էին բռնվել հատուկ ջոկատայինների հետ, ավելին, բռնություն էին կիրառել, ուստիեւ կորցրել են քաղաքացիական անձի կարգավիճակը, հետեւաբար իսրայելական ջոկատի գործողությունը, որպես ինքնապաշտպանության դրսեւորում, պետք է համարվի միջազգային իրավունքի նորմերին համապատասխան:
Ինչպես որ ենթադրելի էր, Թուրքիան բուռն հակազդեցությամբ իսկույն արձագանքեց Իսրայելի պատրաստած զեկուցագրին, որը շուտով կներկայացվի ՄԱԿ-ին: Հունվարի 23-ին պաշտոնական Անկարան դա որակեց ապօրինի, վարչապետ Էրդողանըՙ որեւէ արժեք չներկայացնող դատարկ թուղթ, իսկ հունվարի 24-ին, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են նշում, նախագահ Աբդուլլահ Գյուլըՙ իրավական հիմքից զուրկ փաստաթուղթ, համարելով դա շփացածության դրսեւորում: Հակառակ այս ամենին, նույն օրը ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարեց, որ Իսրայելի պատրաստած զեկուցագիրը «թափանցիկ է, անկողմնակալ, համոզիչ եւ հավաստի»:
Հատկանշանական է, որ զեկուցագիրը որպես արժեք չներկայացնող դատարկ թուղթ բնութագրելիս վարչապետ Էրդողանը Իսրայելին վերստին հիշեցրեց պաշտոնական ներողություն խնդրելու եւ պաշտոնապես Թուրքիային փոխհատուցում վճարելու թուրքական նախապայմանների մասին:
Ինչպես երեւում է, թուրքական դիվանագիտությունը հետզհետե կորցնում է դատողությունը կամ էլ նախքան զեկուցագրի հետ հաշտվելը կորցրածը թեկուզ մասնակի հետ բերելու ակնկալիքով փորձում է դա սակարկել ԱՄՆ-ի հետ: Թուրքական ակնկալիքների մասին չգիտենք, սակայն հիմա արդեն միանգամայն ակնհայտ է, որ զեկուցագրի հրապարակումից հետո Իսրայելն այլեւս միջադեպի առնչությամբ ոչ ափսոսանք կհայտնի, ոչ էլ փոխհատուցում կվճարի «Մավի Մարմարա» նավի տախտակամածում զոհված 9 թուրքի հարազատներին:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: