Saturday, January 22, 2011

ԽԱՎԻԵՐ ՄԱՐՏԻՆԵՍ ՖԵՐՆԱՆԴԵՍ. ԱՇԽԱՐՀԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Հայ ժողովրդի հրաշալի բարեկամ Խոսե Անտոնիո Գուռիարանին միշտ հաջողվել է զարմացնել ինձ իր նորություններով, որոնք կարճ կամ երկար հաղորդագրությունների միջոցով պարբերաբար հասցնում է մեզ: Այս անգամ էլ նրանից տեղեկացանք, որ մայիսի 31-ին իսպանական Գրանադայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Խավիեր արքեպիսկոպոս Մարտինես Ֆերնանդեսի նախաձեռնությամբ «Փառավորյալ Խաչ Հայաստան. 1915-1918» վերտառությամբ մի ցուցահանդես է բացվելՙ նվիրված Մեծ Եղեռնի նահատակների հիշատակին: Անսպասելին ու զարմանալին այն էր, որ սրբազանը տեղյակ չէր նույնիսկ, թե որքան շատ հայեր են բնակվում Իսպանիայում:
Վաղուց նման բաներին սովոր ու հանկարծակիի չեկող Գուռիարանը խոստովանեց, որ այդ դեպքով, այնուամենայնիվ, ցնցված էր: Ցնցված էին բոլորը, ովքեր հոկտեմբերի վերջին կայացած փակման արարողության նախօրեին միայն տեղեկացան միջոցառման մանրամասներին: Արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել Խ. Մարտինես Ֆերնանդեսի եւ Մամուլի միջազգային համաժողովի միջեւ, որպեսզի նույն ցուցահանդեսը բացվի նաեւ Մուրսիայում: Գրանադայի արքեպիսկոպոսը սիրով համաձայնեց պատասխանել մեր հարցերին:


- Սրբազան հայր, ինչպե՞ս ծագեց այս ցուցահանդեսը կազմակերպելու գաղափարը:
- Ամեն ինչ սկսվեց տակավին 1977-ին, երբ ինձ հոգեւոր ուսման կատարելագործման համար Երուսաղեմ ուղարկեցին, եւ տեղի հայ համայնքի միջոցով հնարավորություն ունեցա ծանոթանալու հայ ժողովրդի պատմությանը: Հետո Սանտյագոյի Մայր տաճարում առաջին անգամ լսեցի հայկական հրաշագույն պատարագը, որի ընթացքում ծնվեց այն միտքը, որ պետք է մեզանում միանգամայն անծանոթ Արեւելքի քրիստոնյա ազգերի աշխարհը ներկայացնեմ Իսպանիայում: Ասում եմՙ անծանոթ, քանզի պաշտոնական լրատվությունն այստեղ շատ չէ, իսկ երբեմն էլՙ շատ յուրօրինակ ձեւով է մատուցում դրանք: Այդ պահից էլ զգացի ահա, որ կյանքս լցվել էր մեծագույն սիրովՙ հանդեպ այդ ժողովուրդները ու մեծագույն ցանկությամբՙ նրանց գոյությունը ներկայացնելու: Ես հանկարծ ընկալեցի, որ մեր շրջանում կատարելապես անհայտ կամ քիչ հայտնի քրիստոնեական ազգերի շուրջը խոսելն իմ առաքելություններից մեկն է այս կյանքում: Բազում հրաշագործություններ, բազում չարչարանքներ եւ ողբերգություններ են կապված նրանց պատմությանը ու ներկա օրերի ժամանակագրությանը:
Եվ երբ արքեպիսկոպոս նշանակվեցի Գրանադայում, հասկացա, որ Միջին Արեւելքի հետ այդքան հաջող փոխհարաբերություններ հաստատած այս վայրն ամենահարմարն էր մոռացության տրված քրիստոնեական հասարակությունների մասին ձայն բարձրացնելու իմաստով:
Գործնական առաջին քայլերից մեկը մի քանի տարի առաջ դեպի Հայաստան կազմակերպված այցելությունն էր, որի ընթացքում էլ հենց ծնվեց ցուցահանդես բացելու գաղափարը: Ձեր հայրենիքն այցելելուց հետո մենք նախ Քրիստոնեական Արեւելքի ուսումնասիրման մի ինստիտուտ ստեղծեցինք նույն Գրանադայում եւ որպեսզի հաստատության ամենօրյա աշխատանքներն ավելի արդյունավետ լինեն, ձեռնարկեցինք համապատասխան գրադարանի հիմնադրման գործը: Այս ամենը չի նշանակում անշուշտ, թե մենք լայն հնարավորությունների տեր ենք, բայց եւ այնպես, չենք դադարում հնարավորինս չափ արդյունավետ աշխատել, որպեսզի հանրությունն այստեղ իր ուշադրությունը մի պահ դարձնի դեպի մոլորակի այդ մասում ապրող եւ իր հարուստ պատմությունը կերտած ազգերի վրա:

- Ի՞նչ աշխատանքներ էին ներկայացվել «Փառավորյալ խաչ Հայաստան» ցուցահանդեսի շրջանակներում:
- Ցուցադրված աշխատանքներն, ըստ էության, Երեւանի Ցեղասպանության թանգարանի նմուշները կազմող լուսանկարներ են, այդ թանգարանի որոշ բնօրինակների պատճենահանումները: Բացի դրանից, տեղադրված են նաեւ տաղանդավոր նկարիչ Ժանսեմի վրձնին պատկանող ստեղծագործությունների բնական եւ նաեւ ավելի փոքր չափերի վերարտադրությունները: Հիրավի, այդ նկարչությունն ինձ վրա արտակարգ մեծ տպավորություն թողեց: Ասես սրբացած պատկերներ լինենՙ համարյա պատարագային մի շունչ կա նրանցում: Թեեւ նկարիչը հանձն էր առել այդչափ մեծ ողբերգությունը փոխանցելու, բայց նրա գործերում չես նկատի ատելության եւ ոխի որեւէ արտահայտություն: Նկատում ես, որ կտավներից մեզ նայող մարդիկ փոխանցում են իրենց ավելի մեծ սպասումները: Զարմանալի՜ է. մարդկանց դեմքերըՙ թե՛ սպանված եւ թե ցեղասպանությունից փախուստի դիմող կերպարների, նվաստացած չեն բնավ: Ճիշտ հակառակըՙ նրանք անսահման արժանապատվության տեր անհատներ են: Խոստովանում եմ, որ այս բացահայտումն ինձ հանկարծակիի բերեց: Ավելին. Ժանսեմի նկարների որոշ կերպարներն ինձ նույնիսկ... սրբապատկեր են թվում, եւ չեմ թաքցնի, որ նրանց տեսնելովՙ մինչեւ իսկ ծնկի գալու փափագ եմ զգացել:

- Երբ կազմակերպում էիք այս ցուցահանդեսը, գիտեի՞ք արդյոք, որ Իսպանիայում ավելի քան 50 հազար հայ է ապրում: Իմ հայրենակիցներից որեւէ մեկն աջակցե՞լ է այս ձեռնարկին:
- Աստվա՜ծ իմ, մի՞թե իրոք այդքան հայեր կան այստեղ... Մենք վստահաբար անտեղյակ էինք այդ տվյալներին, եւ նախապատրաստական աշխատանքների փուլում որեւէ հայ, բնականաբար, չի մասնակցել: Ինչպես քիչ առաջ ասացի արդեն, սույն նախաձեռնությունը պատկանում է բացառապես Միջին Արեւելքի Քրիստոնեական ուսումնասիրման ինստիտուտի Հայաստան այցելած մի խումբ իսպանացիների: Ի դեպ, խորապես ազդված այն ամենով, ինչ տեսանք ձեր հայրենիքում, այս ցուցահանդեսից մի քանի ամիս առաջ դեռեւս մենք մեկ ուրիշն էինք կազմակերպել, ներկայացնելով այցելուներին մեզ հետ ձեր երկրից բերված խաչքարերի լուսանկարները: Բացման արարողությունից առաջ փնտրում էինք, որ գոնե մի հայ դիվանագետի ներկայություն ապահովենք, բայց քանի որ ոչ ոք որեւէ ստույգ տեղեկություն չուներ, մենք ստիպված Փարիզ դիմեցինք:
Ինչեւէ. հիմա գիտենք հստակ, որ Մադրիդում գոյություն ունի հայկական դեսպանատուն, եւ իմացանք նաեւ, որ երկրով մեկ սփռված հայություն կա: Հուսամ, որ այս իսկ ցուցահանդեսը մի յուրօրինակ կապի միջոցի վերածվիՙ մեր ծանոթության ու համագործակցության համար: Ի վերջո, չէ՞ որ հայկական մշակույթն ու հայոց լեզուն մեզ չեն հետաքրքրում որպես անցյալին պատկանող թանգարանային նմուշներ: Մեզ անհրաժեշտ է շփումը իրենց լեզվով խոսող եւ իրենց գեղեցիկ ավանդույթները կրող մարդկանց հետ: Այդ իմաստով, կկամենայինք որքան հնարավոր է շատ մարդկանց հետ ծանոթության կամուրջներ հաստատել, սովորելով նրանցից այն ամենը, ինչ մենք տակավին չգիտենք:

- Շա՞տ մարդիկ են տեսել ցուցահանդեսը: Ինչպիսի՞ տպավորություններով են այցելուները դուրս եկել սրահից, մեկնաբանություններ թողե՞լ են:
- Հաստատապես չեմ կարող այցելուների ճշգրիտ թիվը հաղորդել: Այսուհանդերձ, հավաստիացնում եմ, որ մենք այդ ուղղությամբ քիչ բան չարեցինք: Բավարար է նշել, որ ցուցահանդեսի սրահը քաղաքում զբոսաշրջիկների առավելագույն քանակն ապահովող կենտրոնական թաղամասում է գտնվում: Բացի դրանից, իսպանական եկեղեցու «Ալֆա ի Օմեգա» ամսագիրը սույն ձեռնարկի կապակցությամբ բավական ընդարձակ մի անդրադարձ կատարեց: Ասեմ, որ անձնապես ինձ հետ շփված այցելուները խոստովանում էին. տեսածն իրենց համար միանգամայն անակնկալ էր: Ըստ իս, հիմնավոր երկու բացատրություն կա այս պարագայում: Առաջինը, որ Հայոց Ցեղասպանության փաստն, ինչ էլ ասելու լինենք, այնուամենայնիվ, անտեսված ու անծանոթ իրողությունների շարքին է պատկանում, եւ բոլորն էլ այն կարծիքին էին, որ սրահի մեջ ներկայացված գործերն ամբողջ աշխարհը պետք է տեսնի: Երկրորդՙ ու ոչ պակաս կարեւոր հանգամանքն էլ սրահում տեղ գտած նկարների որակն է: Ասել է թեՙ այն արտահայտչականությունը, որը պարփակված է առկա լուսանկարների մեջ, հատկապեսՙ Ժանսեմի գործերում, ավելորդ մեկնաբանությունների կարիք չունի:

- Սրբազան հայր, համայն աշխարհին Հայոց Ցեղասպանության իրողությունն ի՞նչ է ուսուցանում այսօր:
- Իմ տկար կարծիքով, բարձրացված խնդրո լույսի ներքոՙ տարբեր փաստերից զատ հարկ է ընդգծել նախ երկու երեւույթ. արդիականության փաստարկը եւ ստույգ տարածքները մենաշնորհած պետությունների եւ ազգերի որդեգրած սկզբունքները: Նշված սկզբունքների ներմուծումներն ու հատկապես Միջին Արեւելքի տարածքի մեջ դրանք վերարտադրելու փորձը բազմաթիվ ողբերգությունների կուտակման պատճառ էին դարձել, եւ մինչ օրս էլ զգալ են տալիս (օրինակ, Պաղեստինի շրջանում): Երբ ի հայտ են գալիս պետության ընկալման մեկ եղանակը եւ մեկ ուրիշ եղանակն էլՙ քաղաքականության ընկալման համար, նման վիճակը ժողովուրդներին անխուսափելիորեն բնաջնջման եզրին է կանգնեցնում: Հայերի ցեղասպանությունը, չմոռանանք, ուղեկցվում էր նաեւ քրիստոնյա ասորիների ոչնչացման իրողությամբ, որոնց զոհերի թիվը Թուրքիայի հարավ-արեւելքում հասնում էր, եթե չեմ սխալվում, 250 հազարի: Ահա այդ կետից է սկսվում XX դարի ծրագրված եւ իրագործված մյուս եղեռնագործությունների պատմությունը: Քանզի դրանց գաղափարախոսները վստահ էին այլեւս, որ կարող են կոտորել եւ անպատիժ մնալ: Չկա որեւէ դեղամիջոց նման ահավոր դեպքերի մոռացության համար: Գոյություն չունի: Մարդիկ պարտավոր են դասեր քաղել այս հրեշավոր ծրագրերով գործի դրված սպանդների օրինակներից: Մարդկային հասարակության կատարելագործման ճանապարհին մեր մտածելակերպի մեջ պետք է անպայման ինչ-որ բան փոխել, եւ գիտակցությունն առաջին հերթին այն մտքով զինել, որ պարտավոր ենք լրջորեն մոտենալ սեփական ու օտար վայրերում ապրող ազգերի արժանապատվության պաշտպանության հարցին:

- Ավելի քան քսան պետություններ պաշտոնապես ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը: Մինչդեռ Իսպանիան դեռ շարունակում է մնալ այն երկրների շարքում, որոնք անգամ քննարկել չեն ցանկանում այս խնդիրը: Ինչո՞ւ:
- Ես կարծում եմ, նախ եւ առաջ լրատվության պակասի պատճառով: Խիստ անհրաժեշտություն է Հայաստանի մշակույթի եւ պատմության, այդ թվում նաեւ ցեղասպանության նյութերը Իսպանիայի ժողովրդին մատուցելը: Որքան հնարավոր է, ավելի լայն պետք է տարածվեն ձեր ազգային ավանդույթներին վերաբերող ծանուցումներն ու տեղեկությունները: Պետք չէ կորցնել եւ ոչ մի առիթ, երբ կարող եք խոսել ձեր ճարտարապետության մասին կամ առհասարակՙ արվեստի: Պետք է ձգտեք ըստ արժանվույն ներկայացնել ամենայն հայկականը, որպեսզի մարդիկ ճանաչեն ճշմարտությունը: Իսկ այդ ուղղությամբ, ինչ խոսք, սկզբից այստեղ հաստատված ձեր համահայրենակիցներն են պարտավոր ոչ մի ջանք չխնայել, որոնց միանում ենք նաեւ մենքՙ հայկական ծագում չունեցող անհատներս, որոնք պատմական ճշմարտության վերահաստատումից բացի, որեւէ այլ շահ չեն հետապնդում:
Հավատացեք, որ պատմական ճշմարտության վերականգնումն արդյունավետորեն նպաստում է այն գործընթացին, որի նպատակն է ցեղասպանության արգելումը:

- Խոսե Անտոնիո Գուռիարանն առաջարկեց Ձեզ այս ցուցահանդեսը շրջիկ դարձնել, որպեսզի անցնի Իսպանիայի բոլոր խոշոր քաղաքներով: Ընթացք տրվելո՞ւ է այդ առաջարկին:
- Եթե ինձանից կախված լիներՙ մեծ հաճույքով: Ուրախ կլինենք միայն, եթե նման մի հնարավորություն ստեղծվի: Նշեցի, որ մեր անձնական միջոցները շատ քիչ են: Ինչ էլ որ արել ենք մինչ այժմ, արել ենք մեծ սիրով հանդեպ հայ ժողովուրդն ու նրա հարուստ մշակույթը:
Մեր ավանդույթներն արդեն իսկ նույն արմատների խորքերից են, եւ դա փոխադարձորեն պարտադրում է, որպեսզի մեր կապերն ավելի ամուր լինեն ու իսպանացիներս ճանաչողի աչքերով գնահատենք մի այնպիսի հրաշալի եկեղեցի, որպիսին հայկականն է ու բազում իրադարձություններով լի մի այնպիսի պատմություն, որը դուք եք կրում: Ողջ մարդկության համար անսահմանորեն մեծ մի բարիք է ձեր ազգի անցյալից ու ներկայից գաղափար ունենալը:
ԱՐԹՈՒՐ ՂՈՒԿԱՍՅԱՆ, Իսպանիա, Տպագրվել է նաեւ «Օրեր» ամսագրում

No comments: