Tuesday, April 12, 2011

Մոլորակը շարունակում է զինվել. 2010-ին սպառազինությունների վրա ծախսվել է 1,63 տրիլիոն դոլար

2010թ. ռազմական կարիքների համար աշխարհում ամենից շատ ծախսել են ԱՄՆ-ը և Չինաստանը։ Այս մասին են վկայում Խաղաղության խնդիրների ուսումնասիրության Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի (SIPRI) հրապարակած զեկույցի տվյալները։
2010թ. Միացյալ Նահանգներն ու Չինաստանն իրենց ռազմական կարիքների համար ծախսել են $698 մլրդ և $119 մլրդ համապատասխանաբար՝ այդպիսով գլխավորելով աշխարհում խոշորագույն ռազմական ծախսեր ունեցող պետությունների աղյուսակը։ Զեկույցի հեղինակները նկատում են, որ 2010-ին ԱՄՆ-ի ռազմական ծախսերի աճը դանդաղել է մինչև 2.8%։ Համեմատության համար նշենք, որ 2001-2009 թթ. ժամանակահատվածում Վաշինգտոնը տարեկան մեծացրել է պատերազմների ու սպառազինությունների ծախսերը միջինը 7.1%-ով։
Այդուհանդերձ, Միացյալ Նահանգների ռազմական ծախսերը շարունակում են մնալ խոշորագույնը աշխարհում. համաշխարհային ռազմական ծախսերում ԱՄՆ-ի մասնաբաժինը կազմում է 43%, ինչը վեց անգամ ավելի է, քան Չինաստանինը։ Ընդհանուր առմամբ, համեմատ 2001թ. ցուցանիշի՝ Միացյալ Նահանգների պաշտպանական բյուջեն 2010-ին աճել է 81%-ով։ Ավելին, ԱՄՆ-ի ռազմական ծախսերի մասնաբաժինն աճել է՝ 2010թ. կազմելով ՀՆԱ-ի 4.8%-ը՝ 2001թ. ՀՆԱ-ի 3.8%-ի փոխարեն։ Նշենք, որ Չինաստանի ռազմական ծախսերը չեն գերազանցում ՀՆԱ-ի 2.1%-ը։
SIPRI-ի զեկույցում ասվում է, որ չնայած բյուջեի պակասուրդի նվազեցման ջանքերին՝ ռազմական ծախսերը շարունակում են արտոնյալ նշանակություն ունենալ ԱՄՆ-ում։ «Թվերը ենթադրում են՝ ԱՄՆ-ը շարունակում է կարծել, որ ռազմական հսկա ներուժի պահպանումը հիմք է իր անվտանգության և աշխարհում ունեցած կարգավիճակի համար»,- նշում են զեկույցի հեղինակները։
Աշխարհի խոշորագույն պաշտպանական բյուջեների առաջին տասնյակում ԱՄՆ-ին ու Չինաստանին հաջորդում են Մեծ Բրիտանիան ($59.6 մլրդ) և Ֆրանսիան ($59.3 մլրդ)։ Հինգերորդ տեղում է Ռուսաստանը՝ $58.7 մլրդ ռազմական ծախսերով։ SIPRI-ի մասնագետների կարծիքով՝ Ռուաստանի ռազմական ծախսերը 2009թ. համեմատ 1.4%-ով անկում են ապրել և կազմել են երկրի ՀՆԱ-ի 4%-ը։
Ռուսաստանին հաջորդում են Ճապոնիան ($54.5 մլրդ), Սաուդյան Արաբիան ($45.2 մլրդ), Գերմանիան ($45.2 մլրդ) և Հնդկաստանը ($41.3 մլրդ)։ Տասնյակը եզրափակում է Իտալիան ($37 մլրդ)։ Ինստիտուտի տվյալներով՝ 2010թ. աշխարհում ռազմական ծախսերի առավել մեծ աճ են արձանագրել Հարավային Ամերիկայի (5.8%) և Աֆրիկայի (5.2%) երկրները։ Այս մայրցամաքների ծախսերը կազմել են $63.6 մլրդ և $30.1 մլրդ համապատասխանաբար։
Եվրոպայում 2010թ. արձանագրվել է ռազմական կարիքներին ուղղված ծախսերի անկում, թեև գումարը շարունակում է մնալ զգալի՝ $382 մլրդ։ 2009-ի համեմատ՝ այն կրճատվել է 2.8%-ով։ Ընդհանուր առմամաբ աշխարհում պատերազմների և զենքի գնման համար 2010թ. ծախսվել է $1.63 տրլն։ 2009թ. համեմատ՝ այս թիվն աճել է 1.3%-ով, ինչն ամենացածր ցուցանիշն է վերջին տասը տարիների համար։ SIPRI-ում նման անկումը բացատրում են ԱՄՆ-ի պաշտպանական բյուջեի աճի էական դանդաղեցմամբ և Եվրոպայում ռազմական ծախսերի անկմամբ։ Որպես պատճառ նշվում է ուշացած արձագանքը 2008-2009 թթ. համաշխարհային տնտեսական և ֆինանսական ճգնաժամին։

No comments: