«Լրագիր» 11-4-2011- 2008 թ. նախագահական ընտրություններին նախորդած ու հաջորդած քաղաքական պայքարը աննախադեպ խթան էր քաղաքացիական հասարակության ձևավորման: Նոր ձևավորվող հատվածը, ընդդիմադիր իր դիրքորոշումներում` համակրելով թե հակակրելով քաղաքական ընդդիմությանը, լծված էր հասարակական գաղափարների ու դիսկուրսի փոփոխման գործին` հանդիպումներ, քննարկումներ, հոդվածներ, բանավեճեր և այս ամենը կառուցողական և ուղղված մեկ միասնական նպատակի` արթանացնել քաղաքացու մեջ քաղաքացուն:Քաղաքականությունը նոր հնարավորություն էր` պառակտված, ցրված ու հուսակորույս բազմաթիվ քաղաքացիների միավորվելու մեկ հասարակության, գործընթացի ու մեկ շարժման մեջ, այն է` քաղաքացիական շարժման:
Այս նոր միասնական հասարակությունն իր մեջ համախմբում էր ինտելեկտուալ երիտասարդությանը, ով կարծես թե գտել ու հարթում էր ժողովրդավարական արժեքների արմատացման ուղին` օգտագործելով քաղաքական պայքարը որպես համատեքստ ու միջոց: Քաղաքացիական հասարակության մի մասն էլ սովետական մտավորականության այն հատվածն էր, ով չէր հարմարվել նոր ժամանակներին հարիր առեւտրային անգաղափար մտածողությանը ու նվիրյալ էր արդարության ու սոցիալական հավասարության այն նույն արժեքներին, որ ինքն էր քարոզել երկար տարիներ: Մտավորականների համար ևս քաղաքական գործընթացները ստեղծել էին հարթակ` խոսելու ու առաջ տանելու լիբերալ գաղափարները:
Այս շրջանում ընդդիմադիր լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերը քաղաքացիական հասարակության համար ավելի շուտ գործիք էին` լսելի դարձնելու իր ձայնը:
Հնչում է ռոմանտիկ, որովհետև արտացոլում է քաղաքացիական պայքարներին հատուկ այն ռոմատիզմը, որով սկիզբ դրվեց նոր` ընդդիմադիր հայացքներով քաղաքացիական հասարակության ձևավորմանը մեզ մոտ:
2011-ի մարտից քաղաքացիական այս ֆիգուրները վերածվեցին քաղաքական ֆիգուրների: Հանդիպումներ, քննարկումներ, հոդվածներ, բանավեճեր, և այս ամենը Հայ Ազգային Կոնգրես ու Ժառանգություն տարաձայնությունների համատեքստում, այս ամենը փոխադարձ վիրավորանքների ու ընդդիմադիր քաղաքացիական ուժի` տարբեր բանակների պառակտման համատեքստում: Բոլորն անմիջապես մտաբերեցին իրենց քաղաքական նախապատվությունները, կշեռքի նժարին դրեցին երկու լիդերներին` պրն. Րաֆֆին և պրն. Լևոնին, նժարեցին մեկի անցյալն ու մյուսի ապագան, մեկի ծոմն ու մյուսի չբարևը, մեջքներին կանգնած իշխանական պարոններին, իսկ հետո ամեն մեկն իրեն հարազատ ոճով սկսեց քննադատել դիմացի բանակին, ճիշտ այնպես, ինչպես քննադատում է իշխանությանը:
Քաղաքացիական ակտիվիստներն ուղղակի կամ անուղղակի սկսեցին արտահայտել կուսակցական դիրքորոշումներ, որ մեզ մոտ նույնական է պրո-լիդերյան դիրքորոշումների հետ, քանի դեռ կուսակցությունները (նրանց շարքում նաև Կոնգրեսը) դեռևս լիդերներ են, լիդերներ` իրենց թիմերով:
Եվ այն պարագայում, երբ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչը քաղաքական ընդդիմության տարաձայնությունների հարցում կարող էր միջնորդի դերում հանդես գալ` դարձել է քաղաքական երկու ընդդիմությունների տեսակետների մեխանիկական վերարտադրողը` այդպիսով իսկ տարրալուծվելով քաղաքականության մեջ:
Եվ եթե 2008-ին ընդդիմադիր լրատվամիջոցները գործիք էին քաղաքացիական հասարակության ձեռքում, ապա այսօր քաղաքացիական հասարակությունն է գործիք լրատվամիջոցների ձեռքում: Երկու տարբեր մեդիա, որ երկու հակադիր ֆրոնտներով ներկայացնելով կամ այս, կամ այն կողմի տեսակետը` մեծապես աջակցում են քաղաքացիական ընդդիմության` որպես մեկ միասնական միավորի ոչնչացման գործընթացին:
Եվ եթե ժամանակակից հասարակություններում քաղաքական տեղաշարժերն ու երկրաշարժերը քաղաքացիական հասարակության ուժերով են իրականացվում, ապա, պառակտելով քաղաքացիական հասարակությունը` կարող ենք և նվազեցնել քաղաքական շարժի հնարավորությունը:
Իշխանություն ունեցող բոլոր ուժերը սիրով կարող են լռել այս կամ այն ընդդիմադիր քաղաքական ուժին վարկաբեկելու գործում այնքան, քանի դեռ իրենց փոխարեն այդ գործին է լծված ողջ ընդդիմադիր քաղաքական ու քաղաքացիական զանգվածը: Մի' լցրեք ջուր իշխանության ջրաղացին: Մնացե'ք հավատարիմ քաղաքացիականության ինքնությանը:
ԷՎԵԼԻՆԱ ԳՅՈՒԼԽԱՆԴԱՆՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment