Հարցազրույց ԱԺ նախկին նախագահ, ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանի հետ

-ԱԺ-ն վավերացրեց Երեւանում 2010թ. օգոստոսի 20-ին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին թիվ 5 արձանագրությունը, որով նախատեսվում է երկարաձգել ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազաների ժամեկտը: Ձեր կարծիքով, որքանով է նպատակահարմար այդ ժամկետների երկարաձգումը:
-Ռուսական ռազմակայանների` Հայաստանում տեղակայման ժամկետի երկարաձգումը տարօրինակ մի նրբություն ունի: Պայմանագիրը երկարաձգվում է ժամկետը լրանալուց 10-11 տարի առաջ: Ուստի, հարց է ծագում, թե որն է նպատակը: Կարծում եմ` այն թելադրված է Հարվային Կովկասում աշխարհաքաղաքական վերջին զարգացումներով: 2008 թ. ռուս-վրացական պատերազմից հետո Հարավային Կովկասում ստեղծվեց աննախադեպ իրավիճակ. Վրաստանն ամբողջովին անցավ Արեւմուտքի ազդեցության ներքո, եւ ԱՄՆ համար Հարավային Կովկասում լիարժեք ազդեցություն ունենալու հնարավորություն առաջացավ, եթե հնարավոր լինի նույն ճանապարհով տանել նաեւ Հայաստանին ու Ադրբեջանին: Համոզված եմ` դրա հետ էին կապված անցած այս 2-3 տարիների ընթացքում հայ-թուրքական եւ Ղարաբաղյան խնդիրների արագացման փորձերը:
Բացի այդ, սա մի փոքր ավելի խորը ենթատեքստ եւս ունի. յուրաքանչյուր 100 տարին մեկ մեր տարածաշրջանում տեղի է ունենում ազդեցությունների համար պայքարի սրում: 19-րդ դարի սկզբին նման պայքար կար Ռուսաստան-Թուրքիա-Պարսկաստան տերությունների միջեւ, 20-րդ դարի սկզբին իր ազդեցությունն էր ուզում հաստատել Մեծ Բրիտանիան եւ ՌԴ-ի հետ էր հակամարտության մեջ: Հիմա հայտնի պատմական ցիկլերի տեսությունն իր դրսեւորումներն ունի մեր տարածաշրջանում: Ընդ որում, այդ հակամարտությունների ամենաակտիվ շրջանը տեւում է 20-25 տարի: Այս տեսակետից համոզված եմ` ՌԴ համար չափազանց կարեւոր էր, որ առաջիկա 10-15 տարվա ընթացքում որեւէ խնդիր չառաջանար: Ուստի` ՌԴ-ն նախաձեռնեց պայմանագրի երկարաձգումը: Ուզում եմ հիշեցնել` երբ ակնհայտ դարձավ, որ պայմանագիրը պետք է ստորագրվի Մեդվեդեւի այցի ժամանակ, Հայաստանում շատերը դա անակնկալ համարեցին: Այսինքն` նախաձեռնությունն ակնհայտորեն ՌԴ կողմից էր, եւ ի վերջո ստորագրվեց արձանագրությունը: Բնական է, որ ՌԴ-ն պետք է ձգտի իր ազդեցությունն ամրապնդել Հարավային Կովկասում:
-Ձեր կարծիքով, որն է այս դեպքում Հայաստանի շահը:
-Ցավոք սրտի, Հայաստանի տեսակետից որեւէ շահ հնարավոր չի նկատել: Այն, ինչ պետք է անի այս արձանագրությունը, արել է տարիներ շարունակ, եւ անելու էր, քանի որ դեռ 10 տարվա գործողության ժամկետ ունի: Ընդամենը մեկ բան կար` մինչ երկարաձգելը Հայաստանը շատ ավելի ազատ էր իր արտաքին հարաբերությունները կառուցելու տեսակետից: Եվ քանի որ ռուս-վրացական պատերազմից հետո Հայաստանի կարեւորությունը տարածաշրջանում էապես մեծացել է, կարծում եմ` այդ քայլն անելով, Հայաստանը կտրուկ սահմանափակեց մանեւրելու իր հնարավորությունները: Այնպես որ, ՀՀ հնարավորությունները ոչ միայն չօգտագործվեցին, այլեւ քայլեր արվեցին այդ հնարավորություններն օգտագործելու շրջանակները սահմանափակելու համար: Այդ քայլերից մեկն էլ այս արձանագրությունն էր: Առավել եւս, որ արտաքին հարաբերություններում շատ չեն հարցերը, որ Հայաստանի դիրքորոշումը նշանակություն ունի:
-Այդ դեպքում, ձեր կարծիքով, իշխանություններն ինչո՞ւ գնացին այդ քայլին:
-Խնդիրը հետեւյալն է` երբ խորհրդարանում քննարկվում էր արձանագրության վավերացման հարցը, խմբակցությունները որեւէ ելույթ չունեցան: Սա բացառիկ մի երեւույթ էր, ցավոք սրտի` մեր քաղաքական ու բազմակուսակցական համակարգի վիճակը բնութագրող իրողություն: Երկրի համար խիստ կարեւոր աշխարհաքաղաքական հարցի վերաբերյալ որեւէ խմբակցություն ելույթ չի ունենում. ոչ փորձում է պաշտպանել հարցը, ոչ վերապահումներ անում: Սա ցույց է տալիս, որ ցավոք սրտի, Հայաստանում բազմակուսակցական համակարգը ջախջախված է: Այսինքն` իրական քաղաքական գործոնը Հայաստանի կյանքում մղված է ամենահետին պլան, եւ բնականաբար, եթե սա է քաղաքական ուժերի պատկերն ու վերաբերմունքը նման հարցերին, նույնն է լինելու նաեւ իրավիճակն արտաքին հարաբերություններում: Չի կարող որեւէ երկրի արտաքին ու ներքին քաղաքականության մեջ կտրուկ տարբերություն լինել` ներքին քաղաքականությունը լինի շատ լավ, արտաքինը` կտրուկ շատ վատ եւ հակառակը: Ցավոք սրտի, ինչպես ՀՀ ներքաղաքական կյանքում է շատ բան վերածվել խմբերի շահերի բախման, տնավարի հարցերի լուծման, նույնը նաեւ արտաքին քաղաքականության ասպարեզում` ՀՀ-ն վերջին երեք տարիների ընթացքում մի շարք լուրջ բացթողումներ ու սխալներ ունեցավ:
Մյուս հանգամանքը, որ առաջինի հետեւանքն է, ՀՀ-ում պետական խնդիրների լուծման մեջ իսպառ բացակայում է մասնագիտական կարծիքի դերակատարությունը: Մարդիկ, որոնք քաղաքական որոշումներ են ընդունում, համարում են` մատերի վրա կարող են հաշվարկներ անել եւ ըստ դրա անել քայլեր: Մինչդեռ, քիչ թե շատ իրեն հարգող պետությունում քաղաքական որոշումներ ընդունողները նախ ստանում են մասնագիտական կարծիք, հետո միայն ըստ դրա` կողմնորոշվում, թե որ տարբերակն ընտրել: Հայաստանում հեշտ է նկատել, որ նման բան բացարձակապես գոյություն չունի. Դա են վկայում վերջին իրադարձությունները, դա են վկայում հայ-թուրքական գործընթացի ընթացքն ու հատկապես արձանագրությունների մակարդակը, նույնը` նաեւ հրապարակված Մադրիդյան սկզբունքները:
Հարցազրույցը վարեց ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆԸ
«Լրագիր» 12-4-2011

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment