Monday, April 11, 2011

Վարդան Օսկանյանը որոշել է…

Panorama.am. 11-4-2011- «Երբ իմ պաշտոնավարման 10 տարին ավարտվեց, ես որոշեցի, որ մեր առաջ ծառացած հիմնական խնդիրները ոչ թե դրսում են, այլ ներսում: Ոչ թե պետք է արտաքին, այլ ներքին խնդիրների մասին շատ խոսել: Եվ միայն ներքինը կարգավորելուց հետո հնարավոր կլինի նորմալ պետություն ունենալ, նաև կկարողանանք մեր արտաքին խնդիրները լուծել»,- նախարդ շաբաթ «168 ժամ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը:
Ստացվում է` իշխանությունից դուրս մնալու արդյունքում Վարդան Օսկանյանը որոշել է, որ ոչ թե ներքին խնդիրներն են պայմանավորված արտաքին միջավայրով, այլ ընդհակառակը` արտաքին հարցերն են ներքինի հետևանքը:
Պարոն Օսկանյանի այս դիտարկումը լուրջ վերլուծության կարիք ունի: Նախ` այն իմաստով, որ այդպիսով նախկին արտգործնախարարն, ըստ էության, կասկածի տակ է առնում իր, իր նախորդների ու հաջորդների մոտեցումը: Ի՞նչն է խնդիրը: Արդեն 20 տարի անընդհատ խոսվում է, որ Հայաստանի (և ոչ միայն Հայաստանի, այլ` տարածաշրջանի մյուս երկրների դեպքում ևս) զարգացման, ներքին խնդիրների հաղթահարման, ժողովրդավարության կայացման համար լուրջ խոչընդոտ են արտաքին խնդիրները: Ավելի ճիշտ դրանցից երկուսը` ԼՂ հիմնահարց և հայ-թուրքական հարաբերություններ: Սա ոչ միայն քարոզչական ինչ-որ թեզ է, այլ գրեթե աքսիոմատիկ ճշմարտություն, որը տարբեր առիթներով ամրագրվել է նաև միջազգային տարատեսակ զեկույցներում ու փաստաթղթերում:
Իրավիճակը շատ պարզ է. ԼՂ հիմնահարցի հետևանքով Հայաստանը գտնվում է շրջափակման մեջ, դրա հետևանքով ստեղծվում են կոմունիկացիոն մենաշնորհներ, դրանք նպաստում են ներքին շուկայում մենաշնորհների ձևավորմանը, իսկ դա էլ ի վերջո համապատասխան մետաստազներ է ունենում կյանքի բոլոր ոլորտներում` ներառյալ քաղաքական համակարգը: Եթե հիշում եք, հայ-թուրքական կարգավորման ներքին քննարկումների ժամանակ Սերժ Սարգսյանը հենց այդպես էլ ասաց` Թուրքիայի հետ սահմանի բացումը կբարելավի երկրի ներսում մրցակցային միջավայրը:
Այսինքն` արտաքին խնդիրների հաղթահարումը կամ լուծումը թույլ կտա արագացնել ներքին խնդիրների լուծումը: Պարզ օրինակ բերենք` ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ լուծումը հնարավորություն կտա, ի հաշիվ պաշտպանական ոլորտի ծախսերի, զգալի խնայողություններ անել ու դրանք ուղղորդել ներքին հարցերի լուծմանը: Կարծում ենք` սա պարզ է և հավելյալ հիմնավորումների կարիք չունի:

Իսկ ի՞նչ է ասում Վարդան Օսկանյանը: Նա ասում է, որ որոշել է (ոչ թե` հասկացել, գլխի ընկել, եզրակացրել, այլ պարզապես` որոշել), որ պետք է սկսել ներքին խնդիրներից: Տպավորությունն այնպիսին է, որ նա ինչ-որ մեկի կողմից նման որոշում կայացնելու լիազորություն է ստացել, որ պաշտոնավարման շրջանում չուներ: Բայց էականը դա չէ, այլ այն, թե ինչո՞ւ հանկարծ պարոն Օսկանյանը սկսեց ամբողջությամբ այլ կերպ մտածել, քան գործում էր նախկինում:
Բացատրություն գտնելը դժվար է` միակ հնարավոր տարբերակը, կարծում ենք, այն է, որ նա պարզապես որոշել է զբաղվել քաղաքականությամբ: Եվ եթե այդպես է, ապա անհրաժեշտ է նախ հայտարարություն անել այդ մասին, հետո միայն` ներկայացնել սեփական տեսալականը:
Հեղինակ` Արմեն Մինասյան

No comments: