«Լրագիր» 11-4-2011- Ապրիլի 8-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ելույթում Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց. “Իմ տպավորությամբ՝ իշխանության եւ Կոնգրեսի միջեւ երկխոսությունը ձեռնտու չէ ոչ միայն ներքին, այլեւ արտաքին որոշ ուժերի, որովհետեւ այն, Հայաստանի իշխանություններին հանելով խոցելի վիճակից, կամրապնդի մեր երկրի դիրքերը միջազգային հարաբերություններում, մասնավորապես, Ղարաբաղյան կարգավորման գործընթացում”:Բայց Լեւոն Տեր-Պետրոսյանը գերադասեց ավելի չմանրանալ եւ չասել, թե այդ որ արտաքին ուժն է, որին ձեռնտու չէ Կոնգրես-իշխանություն երկխոսության կայացումը: Թե ինչ ներքին ուժի մասին է խոսում Տեր-Պետրոսյանը, թերեւս պարզ է: Իհարկե, նա էլի անուններ չտվեց, բայց դատելով Կոնգրեսի առաջնորդի նախկին ելույթներից, ինչպես նաեւ Կոնգրեսի այլ լիդերներից շատերի տարբեր այլ ելույթներից, կարելի է ենթադրել, որ ներսում այդպիսի ուժ Կոնգրեսը համարում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
Իսկ ով է արտաքին ուժը, որը խանգարում է Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան երկխոսության կայացմանը: Ռուսաստա՞նն է այդ ուժը, թե Ամերիկան: Թերեւս դիտարկումը պետք է անել այդ դաշտում, քանի որ ներկայում արտաքին ուժերից հենց նրանք են, որ կարող են ազդեցիկ ներգործություն ունենալ Հայաստանի ներքաղաքական գործընթացների եւ Ղարաբաղի հարցի վրա: Կա նաեւ Եվրոպան, բայց եվրոպական քաղաքականությունն այդ հարցում ինքնին որպես առանձին միավոր թերեւս բավական թույլ է եւ այն կարծես թե կշիռ է ստանում միայն կամ ամերիկյան, կամ ռուսական քաղաքականության ուղեծրում տեղավորվելիս:
Ուրեմն Ամերիկան, թե՞ Ռուսաստանն է խանգարում Լեւոն Տեր-Պետրոսյանին, ԱՄՆ-ի՞ն, թե Ռուսաստանին ձեռնտու չէ Տեր-Պետրոսյան-Սարգսյան երկխոսությունը, որն ըստ Կոնգրեսի առաջնորդի, կուժեղացնի Հայաստանի դիրքը Ղարաբաղի հարցում: Ինչպես հայտնի է, Տեր-Պետրոսյանն այդ հարցի լուծման բանալին “տվել” է Ռուսաստանի ձեռքը: Հետեւաբար, պետք է ենթադրել, որ հարցի լուծման գործընթացում Հայաստանի ամրությունը կամ թուլությունը շատ կարեւոր է Ռուսաստանի համար: Ավելին, պետք է որ հենց Ռուսաստանին ձեռնտու լինի Հայաստանի զիջողականությունը, որպեսզի այդ գնով ՌԴ-ն բավարարի Ադրբեջանին եւ դառնա հակամարտության կարգավորման “կնքահայրը”: Ուրեմն, պետք է որ հենց Ռուսաստանին ձեռնտու չլինի Հայաստանում ժողովրդավարության, եւ հետեւաբար իշխանության ուժեղացման տանող Տեր-Պետրոսյան-Սարգսյան երկխոսությունը:
Ավելին, Միացյալ Նահանգները Հայաստանում հանդես է եկել եւ հանդես է գալիս ժողովրդավարության հաստատման, ամրապնդման, խորացման օգտին: Դրա վառ եւ ամենաթարմ վկայությունը Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի փետրվարի 28-ի հայտնի ելույթն է Երեւանի պետհամալսարանում: Ընդ որում, այդ ելույթը հնչեց ընդդիմության մարտի 1-ի հանրահավաքի նախօրեին, դրանով փաստացի բարոյական լուրջ աջակցություն հանդիսանալով աշխուժացող ընդդիմությանը:
Դրանից բացի, Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը Տեր-Պետրոսյանի ապրիլի 8-ի ելույթի հաջորդ օրը հրապարակեց աշխարհում մարդու իրավունքի վիճակի մասին տարեկան զեկույցը, որտեղ Հայաստանում առկա վիճակին տվեց բավական խիստ գնահատական:
Հետեւաբար, եթե Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան հնարավոր երկխոսության կայացումը ուղղված է կամ միտված է Հայաստանում ժողովրդավարության եւ իրավունքի առաջխաղացմանը, ուրեմն Միացյալ Նահանգները չէ, որ հանդիսանում են դրան խանգարող կամ դա ձեռնտու չհամարող ուժը: Ուրեմն, խոսելով այդպիսի ուժի մասին, Տեր-Պետրոսյանը հավանաբար նկատի ունի Ռուսաստանը, եւ փաստացի ակնարկում է, որ ռուսներն են խանգարում կամ ռուսները կարող են խանգարել իր եւ Սերժ Սարգսյանի երկխոսությանը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment