Monday, April 11, 2011

Ի՞ՆՉ Է ՄՏԱԾՈՒՄ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

«Լրագիր» 11-4-2011- Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Ռուբիկ Հակոբյանը հայտարարել է, որ արտահերթ ընտրությունը ձեռնտու է Հայ ազգային կոնգրեսին ու իշխանությանը: Իսկ կարելի՞ է արդյոք ենթադրել, որ արտահերթ ընտրությունը ձեռնտու չէ Ժառանգությանը: Այլապես ինչո՞ւ է Ռուբեն Հակոբյանն այդպիսի բան հայտարարում: Իսկ ինչո՞վ ձեռնտու չէ արտահերթ ընտրությունը Ժառանգությանը: Արդյոք նրանով, որ կուսակցությունը գիտակցում է, որ իր ներկայիս վարկանիշը բավական հեռու է խորհրդարանի մուտքի 5 տոկոսը հաղթահարելու հնարավորությունից: Թե՞ Ժառանգությունը մտավախություն ունի, որ իշխանությունը Ժառանգության արդյունքը կկեղծի ու թույլ չի տա մտնել խորհրդարան:
Բայց չէ՞ որ այդպես կստացվի, որ Ժառանգությանը 2007 թվականին իշխանությունն է թույլ տվել մտնել խորհրդարան, որովհետեւ եթե կեղծող էին, այն ժամանակ էլ կկեղծեին: Իսկ եթե այն ժամանակ չեն կեղծել, որովհետեւ նպատակահարմար չէր, ասենք Հայ ազգային կոնգրես չկար, ապա կնշանակի այն ժամանակ էլ իշխանությանը պետք էր, որ Ժառանգությունը հայտնվի խորհրդարանում, ինչպես որ այժմ ասենք կարող է պետք լինել, որ այնտեղ հայտնվի Կոնգրեսը: Ուրեմն, փաստացի ստացվում է, որ Ժառանգությունը Կոնգրեսին մեղադրում է այն բանի համար, ինչը որ ինքն է արել 2007 թվականին:
Իսկ գուցե ոչ թե Ժառանգությունն է մեղադրում, այլ մեղադրում է Ռուբիկ Հակոբյանը, ով նախկինում Դաշնակցության անդամ էր, նաեւ դիվանագիտական պաշտոն էր զբաղեցնում Սանկտ-Պետերբուրգում` Հայաստանի հյուպատոսն էր: Համենայն դեպս Ժառանգություն կուսակցությանը հարկ կա պարզաբանել` արդյոք Հակոբյանն արտահայտում է իր անձնական, թե կուսակցության պաշտոնական տեսակետը: Եթե այո, ապա Ժառանգության համար թերեւս հարկ կա գտնել Կոնգրեսին քննադատելու այլ պատճառ կամ առիթ, քանի որ արտահերթ ընտրությունն այդպիսին դիտելը կարող է մի քիչ անտրամաբանական եւ հակասական ընկալվել հանրության մոտ:
Արտահերթ ընտրությունը կարող է ձեռնտու չլինել միայն այն ուժին, ով պատրաստ չէ դրան: Իսկ Հայաստանում արտահերթ ընտրության պատրաստ չլինելը չի կարող լավ բնութագրական լինել որեւէ ուժի համար: Իսկ եթե խոսք կա այն մասին, որ արտահերթ ընտրությունը կարող է կեղծվել, ուրեմն այդ դեպքում տրամաբանական կլինի հանդես գալ թե արտահերթի, թե հերթականի դեմ, ինչպես օրինակ անում է Սարդարապատ շարժումը:

No comments: