Tuesday, April 12, 2011

ՈՐՆ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԸ

Մեր զրուցակիցն է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը
-Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի ներկայիս քաղաքական իրավիճակը:
-Հիմա հասարակական-քաղաքական միտքը ձևավորվում է ընդդիմադիր դաշտում, և ընդդիմության դաշտում է որոշվում Հայաստանի քաղաքական դիսկուրսը: Իշխանական կոալիցիայում կարծես թե ասելիք չկա: Այս առումով ընդդիմադիր ուժերի և առհասարակ հասարակության մեջ ընթացող բուռն, իսկ երբեմն անգամ ագրեսիվ բանավեճը հույս է ներշնչում, որ Հայաստանում քաղաքական կյանքն աշխուժանում է: Մեկ բան կարող ենք հստակ պնդել` հասարակական-քաղաքական մտավոր կյանքում իշխանությունը ոչ միայն պարտվել է, այլև ուղղակի գոյություն չունի: Հույս ունեմ, որ մտավոր դաշտում իշխանության պարտությունը կնյութականանա կոալիցիայի քաղաքական պարտությամբ:
Մյուս կողմից, ընդդիմադիր դաշտում ընթացող քաղաքական պայքարում կարծես թե ուրվագծվում է երկու բևեռ` ավտորիտար մտածողության ավանդույթները շարունակող և դեռևս նոր-նոր ձևավորվող սոցիալական ուղղվածություն ունեցող դեմոկրատական:

-Շատ է խոսվում ՀԱԿ-իշխանություն հնարավոր համագործակցության մասին: Ի՞նչ է կատարվում այս պահին, ըստ Ձեզ:
-Ինչ վերաբերում է ՀԱԿ-իշխանություն հնարավոր համագործակցության մասին խոսակցություններին, ապա ես դրան մոտենում եմ նոր ասվածի տեսանկյունից` երկու ճամբարներում էլ հիմնական դերակատարներն ունեն նույն աշխարհայացքը, մտածողությունը, և նրանց կառավարման մեխանիզմները, որոշումների ընդունման ավտորիտար եղանակները նույնն են: Երկու ճամբարներում էլ չեն պատկերացնում, թե ինչպես է հնարավոր կառավարել թափանցիկ եղանակներով, երբ որոշումները ընդունվում են մասնակցային եղանակով: Այս առումով նրանք ունեն ընդհանուր շահեր` պահպանել կյանքի նկատմամբ ունեցած, միմյանց համար հասկանալի պատկերացումները: ՀԱԿ-իշխանություն հնարավոր համագործակցությունը կսառեցնի քաղաքական դաշտը և քաղաքական-հասարակական գործընթացները: Արդյոք դա տեղի կունենա, թե ոչ, կարծում եմ դեռ չենք կարող հստակ ասել, երկու թիմերում էլ կան նման համագործակցությանն ընդդիմացող ուժեր:

-Ձեր ասածից ստացվում է, որ քաղաքական դաշտի մոնոպոլացո՞ւմ է տեղի ունենալու:
-Հիշենք 2008-ին ինչ կատարվեց. Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հասարակության մի ստվար զանգված դուրս էր եկել այս համակարգի դեմ, որպեսզի, Տեր-Պետրոսյանի խոսքերով ասած, ավազակապետությունը կազմաքանդվի: Այսօր Տեր-Պետրոսյանն ակնարկում է ավազակապետության հետ հնարավոր գործարքի մասին, փորձում է երկխոսության մեջ մտնել և բնականաբար հարց է առաջանում` ինչի՞ շուրջ է երկխոսությունն ընթանալու: Հայաստանում չկա խոսքի և արարքի պատասխանատվությունը: Եթե ասել ես ավազակապետություն, արդեն վերջ. երկխոսությունը կարող է միայն Սերժ Սարգսյանի հրաժարականի շուրջ լինել, մնացած հարցերում երկխոսությունը կամ գործարքը միայն հասարակության դեմ է: Երևի ավելի ճիշտ կլինի դա անվանել դավադրություն ընդդեմ հասարակության: Հնարավոր է նաև երկրորդ տարբերակը. Տեր-Պետրոսյանը ներողություն է խնդրում «ավազակապետություն» բնորաշման համար և միայն նոր իշխանության հետ քաղաքական երկխոսություն սկսում:

-Ստեփան, ինչո՞ւ եք ժողովրդին դեմ ուղղված քայլ համարում երկխոսության ճանապարհը: Ի վերջո, Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է, որ շախմատային քաղաքականություն է վարում, ոչ թե բոքս:
-Ես չգիտեմ ով ում հետ ինչ և երբվանից է խաղում, սակայն խնդիրը շատ հստակ է` կամ ավազակապետությունը կազմաքանդվում է, կամ չի կազմաքանդվում: Հիմա իշխանությունն ունի խնդիր, սպասվում են խորհրդարանական ընտրություններ, որից հետո լինելու են նախագահական ընտրություններ: Իշխանության թիավարներն ունեն հստակ խնդիր` պահպանել և ամրապնդել իրենց իշխանությունը և այդ նպատակի համար պետք է արդեն որոշեն իրենց մարտավարությունը և ռազմավարությունը: Ուզում եմ հիշեցնել անցյալ տարի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթից մի հատված, որտեղ նա ասում էր, թե որ ընտրությունն է կոչվում լեգիտիմ. ըստ նրա` լեգիտիմ է կոչվում այն ընտրությունները, երբ ընդդիմությունն ընդունում է ընտրության արդյունքները: Այսինքն, ընդունում է խորհրդարանական ընտրությունների արդյունքները, անկախ նրանից` դրանք հերթական են, թե արտահերթ: Ընտրական օրենսգրքի նոր փոփոխությունները հուշում են, որ «Ընտրությունների սարքման» գործընթացը պետք է տեղի ունենա հենց ընտրական հանձնաժողովներում: Երկրորդ մեխը արդեն ասացի` ընդդիմությունը պետք է ճանաչի արդյունքները: Դա կարող է տեղի ունենալ, եթե լինի քաղաքական երկխոսություն և կոնկրետ պայմանավորվածություններ, այն, ինչ առաջարկում է Տեր-Պետրոսյանը: Եթե ուշադիր լինեք, ապա կնկատեք, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները միշտ հարմարեցվել են տվյալ քաղաքական պահին իշխանությունների ընտրական ստրատեգիային:

Այս սցենարի դեպքում խաղից դուրս կմնան նաև ընտրությունների կերտման մասնագետները, մասնավորապես նույն Հովիկ Աբրահամյանը, ինչը բնականաբար կդառնա իշխանական համակարգի բյուրեղացման հերթական հանգրվանը, ինչպես նաև կհանգեցնի տնտեսական շուկայի նոր վերաձևումներին, որը սակայն այլ խոսակցության թեմա է:

-Ստացվում է` այս ճանապարհով երկիրը գնում է ավազակապետության ամրապնդմա՞ն:
-Եթե Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի միջև գործարքի պայմանն այն չէ, որ Սերժ Սարգսյանը պետք է հեռանա իշխանությունից, և համակարգային փոփոխություն լինի, ուրեմն այո, մենք շատ լուրջ վտանգի առաջ ենք կանգնած: Հասարակության հիասթափությունը կարող է շատ մեծ լինել:

-Նշեցիք, որ մնացած բոլոր ուժերը կարող են դուրս մնալ դաշտից: Սակայն արդեն խոսում են մի քանի կուսակցությունների, նախաձեռնությունների միավորման մասին: Սա՞ է լինելու նոր ուժը:
-Նոր ուժն այն ուժն է, որը պայքարելու է պետական ապարատը տնտեսությունից տարանջատելու համար: Ո՞րն է այսօրվա քաղաքական համակարգի մոդելը. խորհրդարանը մի մարմին է, որտեղ որոշվում է շուկայի համամասնությունը: Եթե մի ուժ մտնում է խորհրդարան, նա ներկրումներից ստանում է համապատասխան քվոտաներ և սեփականության որոշակի փաթեթ: Արդյո՞ք ՀԱԿ-ը խորհրդարան մտնելով քվոտաներ չի պահանջելու: Հաշվի առնելով ՀԱԿ-ի առանցքային դեմքերի անցյալը, պետք է պահանջեն: Ժառանգությունը այն եզակի քաղաքական ուժն է, որը նման քվոտաներ չունի, դրանով իսկ, մասնավորապես, տարբերվում է այսօր ընդդիմադիր համարվող Դաշնակցությունից:

-Ստացվում է` մեր ընտրությունը վատի և վատթարագույնի՞ միջև է:
-Մեր ընտրությունը վատի և վատթարագույնի միջև միշտ է լինելու, նույնիսկ կասեմ, որ մեր ընտրությունը լինելու է վատթարագույնի և վատթարագույնի միջև, քանի դեռ այնպիսի մի քաղաքական դաշտ չստեղծվի, որ յուրաքանչյուր քաղաքական գործիչ իր խոսքերի և իր արարքների համար պատասխան տա: Այսօր քաղաքական դաշտում եղած ոչ մի քաղաքական ուժ, պետական գործիչ իր խոսքերի և գործերի համար պատասխան չի տվել:

ԶՐՈՒՑԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ

No comments: