Thursday, May 5, 2011

ՄԵԴՎԵԴԵՎԸ ՉԻ ՎՍՏԱՀՈՒՄ

«Lragir.am», 05.05.2011: Ռուսաստանի կառավարական ավիապարկը հրաժարվում է ռուսական արտադրության օդանավերից եւ ձեռք է բերելու եվրոպական արտադրության Airbus օդանավեր: Դրանք ՌԴ հատուկ թռիչքային “Ռոսիա” ջոկատի տրամադրության տակ կհայտնվեն արդեն հաջորդ տարի: Օդանավերն այժմ արտադրության փուլում են: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի գործերի կառավարիչ Կոժինը, ով հարցազրույց է տվել Կոմսոմոլսկայա Պրավդային:
“Մեր ավիաարտադրողները պարզապես չեն հասցնում: Իսկ եղած օդանավերը, որպեսզի ապահովեն թռիչքների ամբողջ ծրագիրը` նախագահական, վարչապետական, եւ այլն, չեն բավականացնում”, հայտարարել է Կոժինը:
Ինչպես հիշեցնում է Gazeta.ru կայքը, ապրիլի սկզբին Մեդվեդեւը դժգոհել է ռուսական արտադրության օդանավերի որակից: “Ցավոք, նույնիսկ մեր նոր օդանավերը, որ թողարկվում են մեր գործարաններում, ունենում են որոշակի խնդիրներ, եւ դրանում ես անձմաբ իմ փորձով եմ համոզվել”, հայտարարել էր Մեդվեդեւը:
Իսկ ՌԴ նախագահի շրջապատի աղբյուրը դժգոհել է, որ օրինակ ՏՈւ-214 օդանավը, որով մինչեւ վերջերս թռչում էր Մեդվեդեւը, ներկայում պիտանի չէ շահագործման համար: “Այն գործնականում լրիվ քանդում հավաքում են գործարանում, որպեսզի հասկանան առաջացած խնդիրների պատճառը: Նախագահը թռչել է դրանով մի քանի անգամ, վերջին թռիչքի ժամանակ խնդիրներ էին առաջացել շասսիի հետ կապված”, ասել է աղբյուրը:
Իսկ ՌԴ նախագահի գործերի կառավարիչ Կոժինը նշել է, որ ՌԴ կառավարական ավիապարկում կհայտնվի նաեւ Sukhoi Superjet օդանավը, որ արտադրում է Ռուսաստանը, բայց միայն այն դեպքում, երբ այն դառնա սերիական թողարկման օդանավ: Կոժինն ասել է, որ իրենք ուշադիր հետեւում են իրավիճակին:
Հատկանշական է, որ Sukhoi Superjet օդանավ արդեն իսկ ձեռք է բերել Հայաստանի ազգային ավիափոխադրող Արմավիան: Հետաքրքրական է այն, որ մեր ազգային ավիափոխադրողը ձեռք է բերել մի օդանավ, որը դեռեւս վստահություն չի վայելում ՌԴ իշխանական շջանակներում:

No comments: