Thursday, May 5, 2011

Թուրքիայում NEWS.am-ի թղթակիցը լարված մթնոլորտում Ցեղասպանության շուրջ վիճել է թուրք գործարարների հետ

«NEWS.am», 05.05.2011: Հայ եւ թուրք լրագրողներից կազմված խումբը Թուրքիայի Ադանա քաղաքում հանդիպել է «Չուքուրովայի (Կիլիկիա) երիտասարդ գործարարներ» կազմակերպության ղեկավար կազմի հետ, որի ընթացքում թուրք գործարարներից մեկը համառորեն փորձել է հայ լրագրողներից ճշտել, թե ինչու հայերը չեն սգում «կոտորված» թուրքերի հիշատակը:
Ինչպես տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը Ադանայից, հայ եւ թուրք լրագրողների խումբը հանդիպել է է «Չուքուրովայի երիտասարդ գործարարներ»-ի ղեկավարության հետ՝ տեղեկանալու նրանց կարծիքին՝ հայ-թուրքական հարաբերությունների ապագայի, դրանցում հայ եւ թուրք գործարարների համագործակցության հեռանկարների շուրջ:
Երբ հայ եւ թուրք լրագրողներն այլեւս հարցեր չեն ունեցել, գործարարներից մեկը դիմել է հայ լրագրողներին՝ ասելով, թե իր մեծերը պատմել են, թե հայերն էլ իրենց են կոտորել, եւ այդ պարագայում ինչո՞ւ հայերը բացի ապրիլի 24-ից, չեն նշում նաեւ կոտորված թուրքերի հիշատակը, քանի որ ցավալի իրադարձություններ երկու կողմի համար են եղել:
Հանդիպմանը ներկա NEWS.am-ի թղթակիցն ընդգծել է, որ այդ հարցը տեղին չէ, քանի որ կոտորված ազգը հայ ժողովուրդն է: «Սխալ է համեմատություն տանել եւ խոսել երկու ժողովուրդների ցավերի մասին: Հայ ժողովուրդը կոտորվել է, եւ դրա հեղինակ թուրքերը պետք է նախ ընդունեն պատմական դառը իրականությունը»,-նշել է NEWS.am-ի թղթակիցը: Այս ելույթին արձագանքել է գործարարների միության նախագահ Հաքան Չելիքը՝ հարցնելով, թե արդյոք այդ պատմական դառը իրականությունը պետք է ընդունել այնպես, ինչպես ներկայացնում է NEWS.am-ի թղթակիցը:
«Ոչ, այդ պատմական դառը իրականությունը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել են ինձնից առաջ, ինձնից ավագները, պատմաբանները, մի շարք պետություններ: Ամբողջ աշխարհի համար այդ ամենն արդեն հայտնի է: Կարծում եմ Թուրքիայի բնակչության մոտ 70-80 տոկոսի համար էլ այդ ամենը հայտնի է, սակայն նրանք այդ մասին չեն բարձրաձայնում հայտնի պատճառներով: Մենք լավ գիտենք, թե Թուրքիայի դպրոցական դասագրքերում հայերի նկատմամբ ինչպիսի անհանդուրժողական եւ թշնամական մոտեցումներով պատմություններ կան: Ստամբուլի Թաքսիմի հրապարակում ապրիլի 24-ի սգո միջոցառման ժամանակ 200 հոգուց բաղկացած ազգայնականների խումբը հակահայկական կարգախոսներ էր հնչեցնում եւ բղավում, որ Թուրքիային նոր օգյուն սամասթներ են (Հրանտ Դինքի մարդասպանի անունը) պետք, այսինքն՝ նոր հայասպաններ»,-նշել է NEWS.am-ի թղթակիցը, որից հետո թուրքական կողմը լռել է:
Խոսակցությունն անցել է լարված մթնոլորտում, որի ընթացքում դահլիճում գտնվող թե’ հայ, թե’ թուրք լրագրողներն ու թուրք գործարարներն լուռ հետեւել են չնախատեսված խոսակցությանը:
NEWS.am-ի թղթակցի խոսքերից հետո դահլիճում տիրող լուռ եւ լարված մթնոլորտը փորձել է ցրել «Չուքուրովայի երիտասարդ գործարարներ» միության փոխնախագահը՝ հիշեցնելով ներկաներին, որ հայերն իրենց ներկայությամբ հարստացրել են Օսմանյան կայսրության պատմությունը:

No comments: