Saturday, July 23, 2011

ԻՀՀ Մեջլիս. «Կասպից ծովում Իրանի մասնաբաժինը պետք է լինի նվազագույնը 20 տոկոս, որևէ այլ տարբերակ` անընդունելի է»

Panorama.am. 22-7-2011- Կասպից ծովի իրավական կարգավիճակի լուծման հարցում Իրանի մասնաբաժինը նվազագույնը պետք է 20 տոկոս լինի, 20 տոկոսից ցածր մասնաբաժինն անընդունելի է Իրանի համար:
Այդ մասին իրանական «շոմալնյուզ.քոմ» կայքի հաղորդմամբ` հայտարարել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակ Քազեմ Ջալալին:
Նշենք, որ ս.թ. հուլիսի 19-20-ը Մոսկվայում մերձկասպյան 5 երկրների` Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի և Թուրքմենստանի ԱԳ փոխնախարարների մասնակցությամբ կայացավ Կասպից ծովի իրավական կարգավիճակի որոշմանը նվիրված հերթական նիստը:
Հիշեցնենք, որ վերջերս Ռուսաստանի և Եվրասիայի հարցերով ուսումնասիրությունների «Դևիս» կենտրոնի ամերիկացի փորձագետ Դիմիտրի Պրիմուսը, անդրադառնալով Կասպից ծովի իրավական կարգավիճակի շուրջ ունեցած մերձկասպյան երկրների տարաձայնություններին, նշել էր. «Կասպից ծովի իրավական կարգավիճակի շուրջ մերձկասպյան երկրների տարաձայնությունները թույլ չեն տալիս, որպեսզի այդ տարածաշրջանում էներգետիկ համագործակցություն լինի: Եթե Իրանը քայլեր ձեռնարկի Կասպից ծովի վիճելի տարածքներում հանքավայրերի հետախուզում իրականացնել, ապա հնարավոր է, որ Ադրբեջանի և Իրանի միջև ռազմական հակամարտություն սկսվի»:

Նշենք, որ մերձկասպյան 5 երկրները Կասպից ծովի իրավական կարգավիճակի վերաբերյալ որոշակի տարաձայնություններ ունեն, Իրանն առաջարկում է այն բաժանել 5 հավասար մասի: Այդ առնչությամբ` Իրանի ԱԳՆ մամլո խոսնակը վերջերս հայտարարել էր, որ մինչև Իրանի շահերը Կասպից ծովի իրավական կարգավիճակի որոշման հարցում առավելագույնս ապահովված չլինեն, Իրանը ծովի բաժանման ոչ մի տարբերակի հետ չի համաձայնվի:

No comments: