Saturday, July 23, 2011

Կառավարությունը երկրից կապիտալի արտահոսքի վերաբերյալ ամեն ինչ գիտի

News.am. 22-7-2011- Կապիտալի արտահոսքի վերաբերյալ կառավարությունն ունի հստակ պատկերացումներ, եւ այդ տեսակետից ահագնացող երեւույթներ ներկայում չկան: Այս մասին այսօր` հուլիսի 22-ին նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ Օշականի դպրեվանքում մտավորականների հետ հանդիպման ժամանակ:
«Մանրակրկիտ կերպով ուսումնասիրվում են կապիտալի հոսքերը, մեր երկրի վճարային հաշվեկշիռը: Կենտրոնական բանկն այդ գործառույթն իրականացնում է պրոֆեսիոնալ մակարդակով: Իհարկե, կան որոշ դեպքեր, երբ մեր հայրենակիցները գործարաններ են կառուցում ոչ թե Հայաստանում, այլ արտերկրում, չնայած նրան, որ իրենց եկամուտները վաստակում են Հայաստանում: Բայց մյուս կողմից էլ, վարելով ազատական քաղաքականություն, մենք չենք կարող մեր գործարարների առջեւ սահմանափակումներ կիրառել, թե ինչպես նրանք կառավարեն իրենց ֆինանսական հոսքերը: Պետք է հաշվի առնել, որ գործարարները պետք է դիվերսիֆիկացիայի ենթարկեն իրենց ռիսկերը, ինչը բխում է նաեւ մեր երկրի շահերից: Եթե Հայաստանում իրենց բիզնեսը կազմակերպող տնտեսվարողներն ունենան ավելի դիվերսիֆիկացված բիզնեսներ, ապա դա կապահովի մեր երկրի տնտեսական կայունությունը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը հանդիպել է այն գործարարների հետ, ովքեր ներդրումներ են իրականացրել Վրաստանում: «Չի եղել նման այնպիսի դեպք, որտեղ չլիներ խելամիտ տնտեսագիտական շարժառիթ: Օրինակ՝ հանդիպել եմ այն գործարարների հետ, ովքեր Վրաստանում դեղագործական հումքի մշակման հարթակ են ստեղծում: Ելնելով իրենց բացատրություններից՝ հասկանում ենք, որ նրանք հումքի կայուն մատակարարում են ապահովելու Հայաստանին, ավելին` գրավելու են այս ոլորտում տարածաշրջանի երեք պետությունների շուկաները: Հասկանալի է, որ նման երեւույթները վտանգավոր չեն: Վտանգավոր կլինեն այն պարագայում, եթե գործարարներն ամբողջովին դուրս բերեն իրենց բիզնեսը մեր երկրից, իսկ առարկայական նման դեպքեր այսօր չունենք»,- ընդգծել է գործադիրի ղեկավարը:
Անդրադառնալով կրթական խնդիրներին՝ Տիգրան Սարգսյանը մեծապես կարեւորել է բուհերի շրջանավարտների գիտելիքների որակի բարձրացումը: «Ցավոք, մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ունենք տասնյակ համալսարաններ, որոնք ոչ թե գիտելիք են տալիս, այլ դիպլոմ: Սա լրջագույն չարիք է: Մեր կրթական բարեփոխումների նպատակն էլ այս խնդիրը լուծելն է»,- ասել է կառավարության ղեկավարը:
Հիշեցնենք, որ այսօր վարչապետն այցելել է Արագածոտնի մարզ, եղել Աշտարակի անձնագրային բաժանմունքում, այնուհետեւ Օշականում հանդիպել Հայաստանի գրողների միության նախագահության եւ մտավորականների հետ:
Օշականում Հայաստանի վարչապետը ծաղիկներ է դրել սուրբ Մեսրոպ Մաշտոցի շիրիմին՝ հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին:


No comments: