«Լրագիր» 20-7-2011- Տնտեսագետ «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանն այսօր Նովոստի մամուլի ակումբում «Կապիտալի արտահոսք» թեմայով Մոսկվայի հետ կազմակերպված հեռուստակամուրջի ժամանակ նշել է, որ տնտեսական անվտանգության տեսակետից, եթե կապիտալը հեռանում է Ռուսաստանից, դրա դիմաց ներդրումներ էլ են լինում, իսկ Հայաստանում ներդրումները գրեթե բացակայում են:Մանասերյանի խոսքով, կապիտալի արտահանումը դեպի Վրաստան և Ռուսաստան նշանակում է գործընկերների հետ հարաբերությունների լավացում, սակայն դա չի նպաստում Հայաստանի տնտեսության զարգացմանը: Մանասերյանը կարծում է, որ պետք է խթանվեն ներքին ներդրումները, որը վստահություն կստեղծի արտաքին ներդրումների համար, և որպեսզի Հայաստանում ներդրումները միայն քաղաքական բնույթ չկրեն:
Հարցին, թե ինչու է կապիտալը Հայաստանից հեռանում Վրաստան, Թաթուլ Մանասերյանը նշել է, որ Վրաստանի բարեփոխումները գրավիչ են դարձնում իրենց տնտեսությունը: Պետությունը պայմաններ է ստեղծում, որպեսզի բացի խոշոր բիզնեսներից բացի զարգանա նաև միջինն ու փոքրը:
Մանասերյանը նշել է, որ միայն տուրիզմի ոլորտում տարեկան կապիտալի հեռացումը Հայաստանից Վրաստան կազմում է հարյուր միլիոն դոլար, իսկ եթե հաշվի առնենք նաև հյուրանոցների, ենթակառուցվածքների կառուցումը, այդ թիվը կարելի է եռապատկել:
Թաթուլ Մանասերյանը Հայաստանի տնտեսական զարգացման խոչընդոտներից է համարում նաև տրանսպորտային բլոկադան: Մասնավորապես, Վրաստանը տրանզիտի համար երկու անգամ շատ գումար է վերցնում Հայաստանից, քան Ադրբեջանից, այն դեպքում, երբ Ադրբեջանը առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ չէ, իսկ Հայաստանը և Վրաստանն անդամ են: Ըստ նրա, սա խտրականություն է: Վրաստանը, ինչպես նաև Թուրքիան, խախտում են միջազգային կոնվենցիաները և պայմանավորվածությունները տրանսպորտային փոխադրումների վերաբերյալ:
Թվարկելով Վրաստանի բարեփոխումների առավելությունները, Մանասերյանը նշում է, որ Վրաստանանում օլիգարխները չեն կլանում միջին և փոքր բիզնեսը, ինչպես Հայաստանում: Վրաստանում արդյունավետ պայքար է տարվում կոռուպցիայի դեմ: Մի քանի տարի առաջ Վրաստանում կատարած հարցումները, թե արդյոք քաղաքացիները կաշառք տալիս են կամ վերցնում, իննսուն տոկոսը այո էր պատախանել, իսկ այժմ այդ թիվը տաս տոկոսի էլ չի հասնում: Մանասերյանը առանձնացրել է նաև Վրաստանի հարկային առավել ճկուն քաղաքականությունն ու հարկային արտոնությունները:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նշվեց, որ մինչև 2005թ կապիտալի արտահոսքը կազմել է մոտ 15 մլրդ դոլար, իսկ 2010 թ 27 մլրդ դոլար:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment