News.am. 23-7-2011- Վերջին շրջանում Հայաստանում մեծացել է հետաքրքրությունն էլեկտրոնային սիգարետների նկատմամբ: Դրանք առաջարկվում են որպես ծխելուն այլընտրանք, կամ ծխելու սովորությունից ազատվելու միջոց: Էլեկտրոնային սիգարետը արտաքուստ նման է սովորական սիգարետին: Իրենից ներկայացնում է ինհայլատորի նման սարք, որում տեղադրված է նիկոտինային հեղուկով քարթրիջ: Երբ մարդը գլանակից օդը ներս է քաշում՝ գլանակում տեղադրված սարքը սկսում է գոլորշի արտադրել, որն էլ թափանցում է մարդու օրգանիզմ:Այն, որ էլեկտրոնային սիգարետների նկատմամբ հետարքրությունը Հայաստանում մեծացել է, ցույց է տալիս թեկուզ այն հանգամանքը, որ «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցում վերջացել են առավել թանկարժեքները: Փոխարենը կարելի է գնել 4560 դրամ արժողությամբ էժանագին «Հեալզ» մակնիշի սիգարետ: Ընդ որում` վաճառողը նշում է, թե դրանք լիովին անվտանգ են: Իսկ էլեկտրոնային կայքերից մեկում էլ առաջարկվում է բրենդային E-Cigarette տեսակը` 15 հազ. դրամ արժողությամբ: Ըստ NEWS.am-ի տեղեկությունների` էլեկտրոնային սիգարետների գինը կարող է հասնել մինչեւ 25 հազ. դրամի:
Էլեկտրոնային սիգարետների վերաբերյալ ողջ աշխարհում լուրջ քննարկումներ են ընթանում: Նշենք, որ էլեկտրոնային սիգարետները հայտնաբերվել եւ պատենտավորվել են 2003 թ. Հոնկոնգում` Ruyan Group Ltd ընկերության կողմից:
Սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետներն առաջարկում են արգելել էլեկտրոնային սիգարետների վաճառքը, մինչեւ որ չհաստատվի դրանց անվտանգությունը:
Դրանց վաճառքն արդեն արգելված է Դանիայում եւ Իսրայելում: 2010 թ. ԱՄՆ կառավարության սննդի ու դեղամիջոցների նկատմամբ վերահսկողության տեսչությունը հրապարակել է զեկույց այն մասին, որ էլեկտրոնային սիգարետները, ինչպես եւ սովորականները, վտանգավոր են առողջության համար, թեեւ արտադրողները շարունակում են հավաստիացնել, թե դրանք բացարձակապես անվտանգ են: Սակայն 19 տեսակի էլեկտրոնային սիգարետների թեսթավորումը ցույց տվեց, որ նրանցում առկա են տոքսիկ նյութեր: Մասնավորապես` նիտրոսամին, որն առաջացնում է քաղցկեղ:
Բացի այդ` էլեկտրոնային սիգարետների վրա չկա գրառում այն մասին, որ դրանք վտանգավոր են առողջության համար, ինչպես սովորական սիգարետների տուփերի վրա է:
NEWS.am-ին էլեկտրոնային սիգարետների վերաբերյալ որոշ պարզաբանումներ տվեց նաեւ ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջության պահպանման բաժնի պետի պաշտոնակատար Ալեքսանդր Բազրչյանը: Նրա խոսքով` էլեկտրոնային սիգարետներում տեղադրված քարթրիջը պարունակում է նիկոտին, որը պարզապես չի վառվում: Հետեւաբար` առողջապահական կազմակերպությունների կողմից այս սիգարետները չեն դիտարկվում որպես նիկոտինային կախվածությունից բուժման միջոց: Սակայն քանի որ այս ապրանքատեսակը շատ կարճ պատմություն ունի, չի ուսումնասիրվել ինչպես հարկն է, չի հաշվարկվել բացասական ազդեցությունների չափը` առայժմ վաղ է խոսել դրա վտանգավորության աստիճանի կամ քաղցկեղածնության պոտենցիալի մասին: Սակայն փորձը ցույց է տալիս, որ ծխելուց հրաժարված մարդիկ, օգտագործելով էլեկտրոնային սիգարետներ, շատ արագ կրկին դառնում են ծխող:
Ըստ Ա. Բազրչյանի` առայժմ օրենսդրական արգելքներ չկան այս ապրանքատեսակի գովազդը սահմանափակելու մասին, ինչպես սովորական ծխախոտի դեպքում, սակայն շատ լրջորեն ուսումնասիրվում է արտասահմանյան երկրների օրենսդրությունը, ու հնարավոր է` Հայաստանում եւս շատ լուրջ քայլեր արվեն:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment