Thursday, July 21, 2011

Ալիևը ԵԽԽՎ-ին հեքիաթներ է պատմել

Tert.am. 21-7-2011- Լեռնային Ղարաբաղի հարակից 7 շրջաններում երբեք հայեր չեն ապրել։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է SelamNews–ը, Բաքվում Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատվիրակության հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Ղարաբաղյան հակամարտությունը երկար պատմություն ունի։ Դա հիմնախնդիր է ոչ միայն Ադրբեջանի, այլ ողջ տարածաշրջանի համար։ Այդ հակամարտությունն սկսվել է ԽՍՀՄ–ի փլուզման տարիներին։ Ադրբեջանցիների դեմ իրականացված էթնիկական զտումների քաղաքականության արդյունքում մենք այսօր ունենք 1 մլն փախստական և տեղահանված։ Լեռնային Ղարաբաղը վերածվել է բացարձակապես միատարր մի կառույցի. այնտեղ ոչ մի ադրբեջանցի չի մնացել։ Իսկ նախքան հակամարտությունն ադրբեջանցիներն այնտեղ կազմում էին բնակչության 20%-ը։ Լեռնային Ղարաբաղի հարակից 7 շրջաններից, որոնք երբեք Ղարաբաղի մաս չեն կազմել և որտեղ երբեք հայեր չեն ապրել, վտարվել է մոտ 700 հազար ադրբեջանցի»,– ասել է Ալիևը։
Հայաստանին մեղադրելով Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոյի պահպանման մեջ՝ Ալիևն ասել է. «Նրանք ցանկանում են լքել գրավյալ տարածքները և բանակցային գործընթացում փորձում են անկախություն ձեռք բերել Լեռնային Ղարաբաղի համար։ Սակայն պատմական Լեռնային Ղարաբաղը երբեք Հայաստանի մաս չի կազմել։ Եվ երկրորդ, այն գտնվում է Ադրբեջանի կենտրոնում։ Ներկա պահին դա չվերահսկվող տարածք է։ Ինչ վերաբերում է միջնորդների և Ադրբեջանի առաջարկություններին, դա փոխզիջումների վրա հիմնված արդար մոտեցում է։ Դրա արդյունքում բոլոր նրանց, ովքեր ապրում են Լեռնային Ղարաբաղում, հնարավոր է շնորհվի ինքնավարության բարձր մակարդակ, և միևնույն ժամանակ կվերականգնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։

No comments: