«Լրագիր» 22-7-2011- Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ, Կոնգրեսի հետ բանակցող կոալիցիոն պատվիրակության ներկայացուցիչ Վարդան Բոստանջյանը հուլիսի 22-ին հայտարարել է, որ պատվիրակությունների երկխոսությունն ի վերջո հանգեցնելու է Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպման:Այդ հանդիպման հեռանկարի, անհրաժեշտության, հնարավորության մասին սկսել է շատ խոսվել, գրվել, մեկնաբանվել: Դա նաեւ տրամաբանական է: Ի վերջո, որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ ամբողջ գործընթացի ինտրիգը հենց Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի փոխհարաբերությունն է, նրանց պատկերացումներն ու ծրագրերը, որոնց վրա իհարկե կան արտաքին ու ներքին ներգործություններ, բայց որո՞նք են ի վերջո կազմում երկխոսություն կոչվածի առանցքը:
Սակայն, երբ հիշատակվում է Տեր-Պետրոսյան-Սարգսյան ֆորմատի մասին, առաջանում է նրանց մեջտեղում գտնվող Ռոբերտ Քոչարյանի հարցը: Խնդիրն այստեղ ամենեւին էլ նախագահական “երրորդության” ամբողջացումը չէ, այլ կոնկրետ քաղաքական իրավիճակը: Բանն այն է, որ ներքաղաքական երկխոսության առանցքում Քոչարյանի գործոնը կա եւ կլինի առնվազն այն պարզ պատճառով, որ կա Մարտի 1-ի հարց:
Ընդդիմությունը հայտարարում է, որ Մարտի 1-ի իրական բացահայտում կլինի միայն իշխանափոխությունից հետո: Այդ հայտարարության պարագայում առնվազն տարօրինակ կլինի, եթե իշխանափոխությունից հետո ընդդիմությունը չկարողանա արագ ժամանակահատվածում հասնել Մարտի 1-ի լիարժեք բացահայտման: Իսկ ներքաղաքական երկխոսությունը, ինչպես կրկին հավաստիացնում է ընդդիմությունը, ընթանում է միմիայն իշխանափոխության պայմանով եւ նպատակով:
Թե ինչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի հետ` կրկին բավական հաճախ եւ հանգամանալից ներկայացրել եւ ներկայացնում է ընդդիմությունը, նրան մեղադրելով ռազմական հեղաշրջման եւ տասը զոհերի համար: Հետեւաբար, եթե ընդդիմությունը երկխոսությամբ հասնի իշխանափոխության, իսկ հետո էլ ձեռնամուխ լինի Մարտի 1-ի բացահայտմանը, ապա պետք է հասնի Ռոբերտ Քոչարյանի պատասխանատվությանը: Հո չի հայտարարի, թե կներեք, սխալվում էինք, իրականում Ռոբերտ Քոչարյանը մեղավոր չէ եւ Հաագա ուղարկած թղթերը հետ ենք ուզելու:
Այդպիսով, ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանը չի կարող հանգիստ հետեւել երկխոսությանը, պատկերացնելով այդ հեռանկարը: Իսկ կարո՞ղ է արդյոք Սերժ Սարգսյանը երկխոսությամբ հանգիստ հանձնել իշխանությունը, պատկերացնելով այդ հեռանկարը Ռոբերտ Քոչարյանի մասով, առավել եւս, որ դեռ հարց է, թե Մարտի 1-ն իր մասով ինչ հեռանկար կարող է ունենալ:
Կասկած չկա, որ Ռոբերտ Քոչարյանի անվտանգության հարցը լինելու է Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի երկխոսության առանցքային հարցերից մեկը, եթե իհարկե երկխոսությունը ընթանալու է իշխանափոխության շուրջ, ինչպես հավաստիացնում է Կոնգրեսը: Եվ կասկած չկա, որ երաշխիքներ չստանալու դեպքում, Ռոբերտ Քոչարյանը ձեռնամուխ է լինելու ակտիվ գործողությունների, սեփական անվտանգության ապահովման համար: Կամ էլ նա կհեռանա երկրից, մինչ երկխոսության ավարտը: Այսպես, թե այնպես, կարծես թե ստացվում է մի վիճակ, երբ Ռոբերտ Քոչարյանն էլ դառնում է ներքաղաքական երկխոսության կարեւոր ինդիկատոր:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment