Tert.am. 21-7-2011- 1912թ. կործանված «Տիտանիկ» նավում եղել են Օսմանյան կայսրության ինչպես ազգությամբ հայ, այնպես էլ թուրք քաղաքացիներ։ Այս մասին, թուրքական «Անադոլու» գործակալության հետ զրույցում ասել է Գերմանիայում ապրող թուրք լրագրող և հետազոտող Շենոլ Շահին Գյորեքչին։Թուրք լրագրող Գյորեքչին ասել է, որ ինքը Բեռլինի Kreuzberg Amerikanische Gedenkbibliothek գրադարանում այդ թեմայով ուսումնասիրություններ իրականացնելիս բոլորովին պատահաբար է հայտնաբերել «Տիտանիկում» հայերի և թուրքերի գտնվելու փաստը։ Լրագրողը նշել է, որ այդ մասին տեղեկություններ կան նավի կործանման մասին գրված Königin der Meer («Ծովերի թագուհին») վերնագրով գրքում։
«Այդ գրքում տեղ են գտել «Տիտանիկի» կործանման ժամանակ զոհված ազգությամբ հայ քաղաքացիների անունները։ Տեղեկություններ կան նաև նավի շինարարության մասին, որին մասնակցել են թուրք ինժեներներն ու բանվորները։ Չեմ կարծում, թե թուրք հետազոտողները լավ տեղյակ են այդ գրքին, որը բոլորովին պատահաբար եմ գտել։ Անհրաժեշտ է լուրջ ուսումնասիրություններ իրականացնել «Տիտանիկի» կործանման ժամանակ զոհված թուրքերի վերաբերյալ։ Իմ նպատակն է, որպեսզի «Տիտանիկում» զոհված թուրքերի հիշատակը նույնպես ոգեկոչվի։ Ամեն տարի աշխարհի տարբեր մասերում ոգեկոչում են «Տիտանիկի» զոհերի հիշատակը»,– ասել է թուրք լրագրողը։
«Գրքից տեղեկանում ենք, որ թուրքերը շատ լուրջ ներդրում են ունեցել «Տիտանիկի» շինարարության գործում։ Բացի այդ, տեղեկանում ենք, որ «Տիտանիկում» կառուցված թուրքական բաղնիքն աշխարհում կառուցված էլեկտրական ջեռուցմամբ առաջին թուրքական բաղնիքն է։ Մեծ է հավանականությունը, որ այդ բաղնիքում աշխատել են հենց թուրքերը։ Գրքում տեղ են գտել նավի կործանման հետևանքով զոհվածների անունները։ Նրանք բոլորը Օսմանյան կայսրության ազգությամբ հայ քաղաքացիներ են։ Իմ տրամադրության տակ են նրանցից 6-ի անունները։ Սակայն գիտեմ, որ նավում եղել են նաև թուրքեր, որոնց անունները չեն նշվում ցուցակներում»,– ասել է Շենոլ Շահին Գյորեքչին:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment