Friday, August 19, 2011

Իսկ Սերժ Սարգսյանն ասում է…

«Լրագիր» 19-8-2011- Հայկական ժամանակ թերթը գրում է, որ ՀՀ դատավորների թեկնածուների նորացված ցուցակը, որ պաշտոնական փաստաթուղթ է և Սերժ Սարգսյանի կողմից հաստատվել է նախորդ ամիս, էկզոտիկ մի նմուշ է և շատ բան է պատմում Հայաստանում հաստատված իրողությունների մասին: Դատավորների թեկնածուների քրեական մասնագիտացման բաժնում ընդգրկված է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որդին` Նարեկ Հովսեփյանը, որը ներկայում աշխատում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում` որպես քննիչ: Դատավոր է ցանկանում դառնալ նաև ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի որդին` Արտակ Հարությունյանը, որը այժմ Երևանի դատախազությունում ավագ դատախազ է:
Վերջիններիս հետ միասին քրեական մասնագիտացմամբ դատավոր դառնալու հայտ է ներկայացրել նաև ՀՀ պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանի որդին` ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Դավիթ Հարությունյանը: «Ոսկե զավակների» այս շղթայի էկզոտիկան ՀՀ լեզվի տեսչության պետ Սերգո Երիցյանի որդին` Սարգիս Երիցյանն է, որը աշխատում է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում` որպես դատավորի օգնական, բայց ցանկանում է դառնալ քաղաքացիական մասնագիտացմամբ դատավոր:
Հայաստանում դատավորներ կարող են նշանակվել միայն ու միայն հաստատված այդ ցուցակից: Դրանում հիմա ընդամենը 20 հոգի կա, իսկ դատավորների թափուր տեղերը 13-ն են: Մինչև տարեվերջ ևս 6-7 տեղ կազատվի` մի շարք դատավորների թոշակի անցնելու կապակցությամբ և այլ պատճառներով, ինչը նշանակում է, որ հանրապետության «ոսկե զավակները» շարունակաբար իրենց ձեռքը կվերցնեն հայկական ֆեմիդայի ղեկը:
Ի դեպ, վերջերս Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատավոր է նշանակվել Երևանի նախկին քաղաքապետ, Անշարժ գույքի և կադաստրի պետական կոմիտեի պետ Երվանդ Զախարյանի որդին` Արտակ Զախարյանը: Հայաստանն իրապես անկախ դատական համակարգի ձևավորման ճանապարհին է, գրում է թերթը:
Փաստացի, հայկական “էլիտան”, որ մինչ այժմ զբաղված էր ինտենսիվ խնամիացմամբ` իրենց երեխաներին իրար հետ ամուսնացնելով, հիմա ձեռնամուխ է եղել սեփական ապագա անվտանգությունն ապահովելու միջոցառումներին: Թերեւս, լուծելով անվտանգության խնդիրը, “էլիտան” ձեռնամուխ կլինի նաեւ այլ ոլորտներն աստիճանաբար իրենց երեխաներով համալրելու գործին:
Իսկ Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը արտասահմանում ուսումնառություն անցնող տաղանդավոր երիտասարդներին կոչ են անում վերադառնալ հայրենիք եւ իրենց գիտելիքն ու եռանդը ծառայեցնել հայրենիքին: Հիմա հասկանալի է, թե ինչ է իրենց ուզածը` նրանք պետք է գան եւ ծառայեն “էլիտայի” երեխաներին, օրինակ, աշխատեն նրանց օգնականներ կամ լավագույն դեպքում տեղակալներ:

No comments: