Friday, August 19, 2011

«The Huffington Post». Կարո՞ղ է «Փոփ-երաժշտության դիվանագիտությունը» հետաձգել պատերազմը Լեռնային Ղարաբաղում

News.am. 19-8-2011- NEWS.am-ը կրճատումներով ներկայացնում է Ջեֆ Բերբանկի հոդվածը` հրապարակված ամերիկյան «The Huffington Post» պարբերականում:
Ադրբեջանը հաջորդ տարի կընդունի «Եվրատեսիլ» երգի մրցույթը` «American Idol»-ի նման մի շոու, որն այս տարի հավաքել էր եվրոպացիների 125 միլիոնանոց հեռուստալսարան: Անսպասելիորեն հաղթանակ տարավ քիչ հայտնի մի երկիր: 2012-ի մրցույթում ոխերիմ թշնամի Հայաստանին ընդունելու Բաքվի թույլտվությունը հնարավո ՞ր է բեկում ապահովի ձախողված բանակցությունների ռազմական սպառնալիքների ֆոնին: «Փոփ-երաժշտության դիվանագիտությունը» Լուսիա Մուն անունով հայ երգչուհու շնորհիվ կարո՞ղ է հետաձգել պատերազմը:
Լոսանջելեսցի երգչուհի Մունը կամ մեկ ուրիշը, ում կընտրի Հայաստանը, հանդես գալով Ադրբեջանի մայրաքաղաքում կայանալիք «Եվրատեսիլում» որոշակի ջերմացում կմտցնի հարաբերություններում, կստիպի նոր քայլ անել, փակուղու եւ ռազմական հզորացման փոխարեն դադար վերցնել եւ երաժշտություն լսել:
Այն, որ Ադրբեջանը հնարավոր համարեց Հայաստանի մասնակցությունը, արդեն անսպասելի ու դրական զարգացում է:
Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հայտարարեց, որ իր երկիրը պատրաստ է ապահովել հայկական պատվիրակության անվտանգությունը: Սակայն Ազիմովն ավելացրեց, որ Հայաստանի պատվիրակների անվտանգության երաշխիքը միջոցառումը Բաքվում ընդունելու նախապայմաններից մեկն է եղել:
«Եվրատեսիլի» հնարավորությունն ընձեռվել է մեծ լարվածության փուլում, երբ ոմանց կարծիքով, կողմերը պատրաստ են նոր պատերազմ սկսել Լեռնային Ղարաբաղում, որի գրավումից հետո Հայաստանը տեղից չի շարժվել, իսկ Ադրբեջանը չի մեղմացնում իր դիրքորոշումը:
Ադրբեջանում «Եվրատեսիլի» անցկացնումը նոր պատմական շրջադարձ է: Երկու ժողովուրդներն ու կառավարություններն առնվազն պետք է հանդուրժեն միմյանց: 2012թ. մայիսի 22-ից 26-ը Ադրբեջանի ռեպրեսիվ ռեժիմը կանի հնարավորը, որպեսզի համաշխարհային լրատվամիջոցները եւ միլիոնավոր երաժշտասերներ ուշադրությունը սեւեռեն այդ նախկին խորհրդային հանրապետության վրա:
Նախկին կոմունիստական ղեկավարի նման Ադրբեջանի այսօրվա նախագահը նույնպես դաժանորեն ճնշում է եւ ուղղակիորեն բանտն է նետում քննադատներին, իրավապաշտպաններին եւ լրագրողներին: Քաղաքացիական ազատությունների բացակայությունը չի նպաստի Ադրբեջանի դրական PR-ին, եթե, նույնիսկ, այդ երկիրը ձգտի մեծացնել իր գրավչությունն օտարերկրյա ներդրողների, գործարարների եւ զբոսաշրջիկների միջավայրում:
Սակայն հաջորդ տարվա մայիսյան չորս օրերի ընթացքում Ադրբեջանն ու հյուր Հայաստանը հնարավոր է` կկարողանան վայելել կարճատեւ դադարը կոշտ հռետորության, քննադատության, վնաս հասցնելու ձգտման մեջ: Մինչեւ մայիսյան շոուն երկու կողմերն էլ մի քանի անգամ կմտածեն պատերազմ հրահրելուց առաջ, սակայն այդ իրավիճակը երկար չի ձգվի:

No comments: