Panorama.am. 29-11-2011- «Նոյեմբերյան հերոսական օրերին մենք համախմբվել էին Կիրովաբադի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շուրջը և ժողովուրդն այդ օրերին ապաստան գտավ եկեղեցու պատերի ներքո»,-այսօր «1988 թ.-ի նոյեմբերին Գանձակի հերոսական ինքնապաշտպանությունը. Կիրովաբադ» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ անցած օրերը վերհիշեց Գանձակի` Կիրովաբադի ինքնապաշտպանական պայքարի մասնակից Ջուլիետա Երեմյանցը:Նրա խոսքով, ադրբեջանցիները նոյեմբերյան օրերին հարձակվեցին Կիրովաբադի «թուրքի չաստ» կոչվող թաղամասի հայկական տների վրա` այնտեղ, որտեղ հայերը փոքրաթիվ էին և չունեին պաշտպաններ:
«Այդ թաղամասում ադրբեջանցիները կոտորեցին, թալանեցին, բռնաբարեցին հայերին: Բառերով հնարավոր չէ նկարագրել, թե ինչ վայրագություններ էին նրանք այնտեղ իրականացրել հայերի նկատմամբ»,-ընդգծեց Ջ. Երեմյանցը:
Նա հիշեց, որ հայ հերոս տղաները կամավոր գնում էին այդ թաղամաս և գիշերային ժամերին հայերից ոմանց փրկում և բերում էին հայկական եկեղեցի: Իսկ եկեղեցում ամեն օր տեղի էին ունենում միտինգներ, որոնք հուսադրում էին ժողովրդին:
Այս ամենին ականատես կինը այսօր էլ համոզված պնդում է, որ այդ ջարդերը կազմակերպվել էին Ադրբեջանի իշխանությունների կողմից, քանի որ Կիրովաբադում 15.000 ադրբեջանցի երիտասարդ հագնվել էին միանման, որպեսզի ճանաչեն միմյանց և իրականացնում էին կազմակերպված ձևով հայկական ջարդերը:
Պատմեց նաև, որ հակահայկական քաղաքականությունը Կիրովաբադում սկսվել էր Հեյդար Ալիևի օրոք: Երբ նա 1960-ական թվականներին անցավ իշխանության գլուխ, այդ ժամանակվանից սկսվեց Կիրովաբադի`պատմական հայկական Գանձակի հայաթափումը, սկսեցին կարևոր պաշտոններին նշանակվել ադրբեջանցիներ, իսկ հայերին վերապահվում էր երկրորդական դերեր:
Ջ. Երեմյանցի խոսքով, Կիրովաբադում եղել է 45.000 հայ և այն համարվել է Ադրբեջանի արդյունաբերական և մշակութային երկրորդ կենտրոնը:
Ջարդի, վայրագությունների ականատես կինն այսօր պարծենում է Գանձակում հայերի ցուցաբերած հերոսական պայքարով, հիշում, որ հայերը Կիրովաբադում իրենց համար զենքեր պատրաստելով, համախմբվելով կարողացան հակահարված տալ ադրբեջանցիներին, որպեսզի չկրկնվի Սումգայիթը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment