Wednesday, November 16, 2011

ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը կնշի հայկական գրատպության 500-ամյակը

News.am. 16-11-2011- 2012թ. ապրիլին ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում կբացվի առաջին հայերեն տպագիր գրքի (Վենետիկում Հակոբ Մեղապարտի հրատարակած «Ուրբաթագիրք») եւ առաջին հայատառ տպագրական դազգահի 500-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդես, որի ընթացքում նաեւ կնշվի Երեւանը ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելը: Այդ մասին գրում է «Asbarez»-ը:
Ցուցահանդեսում կներկայացվեն Կոնգրեսի գրադարանի Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի նաեւ այլ բաժիններում պահվող հայերեն 50 գրքեր եւ առարկաներ: Պետական եւ մասնավոր այլ հավաքածուներից կցուցադրվեն նաեւ 1511-1512թթ. եւ 1695-ին հրատարակված երեք հայերեն գրքեր: Ցուցահանդեսը տեղի կունենա Թոմաս Ջեֆերսոնի պատմական շենքի Մեծ սրահում:
Ցուցահանդեսի ղեկավարը կլինի գրադարանում արդեն 33 տարի աշխատող դոկտոր Լեւոն Ավդոյանը, որը բազմաթիվ հրապարակումներ ունի հայկական պատմության, մշակույթի եւ գրադարանի հավաքածուների մասին: Նա 1991-ից Կոնգրեսի գրադարանի հայերեն եւ վրացերեն ստեղծագործությունների մասնագետն է եւ վերահսկում է հայերեն հավաքածուի ընդլայնումը:
Գրադարանի հավաքածուների հիման վրա Ավդոյանի գրած «Ճանաչել զիմաստություն եւ զխրատ. հայկական գրական ավանդույթի 500 տարին» գիրքը կհրատարակվի եւ կտեղադրվի գրադարանի կայքում: Նկարազարդ գրքում ամբողջությամբ կներկայացվի հայ գրական ժառանգությունը:
Ցուցահանդեսի առցանց տարբերակը մշտապես հասանելի կլինի գրադարանի կայքում: Կոնգրեսի գրադարանի առցանց ցուցահանդեսներն այցելում են տասնյակ միլիոնավոր մարդիկ տարբեր երկրներից: Այս ցուցահանդեսն իր մշտական տեղը կունենա գրադարանի կայքում:

No comments: