Tuesday, November 29, 2011

Վրաստանի համար կարեւոր է , որ Հայաստանը լինի ինքնուրույն, վստահ, ուժեղ երկիր. Սահակաշվիլի

News.am. 29-11-2011- Հայ-վրացական հարաբերությունները ոչ միայն բարեկամական են, այլեւ` պրագմատիկ: Այսօր` նոյեմբերի 29-ին, Թբիլիսիում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում:
«Մեր հարաբերություններում որեւէ խնդիր չկա: Մեզ համար կենսականորեն կարեւոր է, որ Հայաստանը լինի ինքնուրույն, վստահ, ուժեղ երկիր, որը նաեւ Վրաստանը հուսալի գործընկերն է»,- ընդգծեց նա:
Վրաստանի նախագահը նաեւ նշեց, որ հայ-վրացական հարաբերությունների բարելավումն այս տարիներին բացառիկ է, այդօրինակ կոնտակտներ չեն եղել ոչ միայն ցարական շրջանում, այլեւ խորհրդային տարիներին: Միայն վերջին տարվա ընթացքում 600 հազար Հայաստանի քաղաքացիներ հատել են Վրաստանի սահմանը: Դա նշանակում է, որ Հայաստանի բնակչության զգալի մասը օգտվում է հայ-վրացական սահմանից:
Սահակաշվիլիի խոսքով, լուրջ քայլեր են ձեռնարկվում հայ-վրացական հարաբերությունները էլ ավելի բարելավելու նպատակով, եւ այդ նպատակին կծառայի Հայաստանի ԱԱԾ-ի եւ Վրաստանի ՆԳՆ-ի միջեւ ստորագրված «սահմանային համագործակցության մասին» փաստաթուղթը: Ըստ Վրաստանի նախագահի, այդ փաստաթուղթը լրջորեն կհեշտացնի հայ-վրացական հարաբերությունները, քանի որ սահմանակետում Հայաստանից եւ Վրաստանից եկողները ստիպված չեն լինի ժամերով սպասել: Այսուհետ նրանք կսպասեն շատ քիչ, ստիպված չեն լինի սահմանի երկու կողմերում էլ գումար վճարել, անգամ մեքենաներից դուրս չեն գա, բյուրոկրատիան:

Սահակաշվիլին բարեկամական հարաբերությունների մասին խոսելիս հիշեցրեց, որ օգոստոսյան պատերազմից հետո Հայաստանն առաջիններից էր որ ձեռք մեկնեց Վրաստանին:
Ըստ Սահակաշվիլիի հարաբերությունները թեւակոխել են որակական նոր փուլ:
«Հայ վրացական հարաբերություններում չկա որեւէ խնդիր, որը չկարողանանք լուծել, այդ հարաբերությունները կարելի է անվանել լավագույն բարեկամական հարաբերությունները, որ կարող են ունենալ երկու հարեւան երկրները»,- ասաց նա` ընդգծելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ավանդը հարաբերությունների բարելավման գործում:
Սահակաշվիլին խոսել է միասնական տնտեսական տարածքի ստեղծման հնարավորության մասին` շեշտելով, որ դա նոր որակի հարաբերություններ ստեղծելու նախադրյալներ կստեղծի, եւ խնդիրներն ավելի հեշտ կլինի լուծել:

No comments: