Thursday, January 26, 2012

Ֆրանսիացի դեսպանը պատասխանել է թուրք դեսպանի մեղադրանքներին

Tert।am. 25-1-2012- Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Գաբրիել Քելերը պատասխանել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու օրինագծի (Ֆրանսիայում) առնչությամբ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչի մեղադրանքներին։ «Եթե Թուրքիայի կամ Ադրբեջանի քաղաքացիների համար այդ օրինագիծն իրենց դեմ ուղղված վիրավորանք է, ապա Ֆրանսիայի իշխանությունները ցավում են դրա համար։ Դա ընդհանրապես չի համապատասխանում այդ օրինագծի էությանը»,–ասել է նա։ Դեսպանն ընդգծել է, որ Ֆրանսիայի համար թանկ են Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները։ «Վերջին ամիսներին Ֆրանսիան ջանասիրաբար աշխատել է՝ այդ հարաբերություններին նոր խթան տալու համար»։ Քելերը նշել է, որ ֆրանսիացի խորհրդրանականների հասցեին թուրք դեսպանի հնչեցրած զրպարտիչ մեղադրանքները պատվաբեր չեն առաջին հերթին Թուրքիայի նման մեծ երկրի համար։ Անդրադառնալով թուրք դեսպանի այն հայտարարությանը, թե օրենքի ընդունումը հնարավոր է՝ անկարգություններ հրահրի Ֆրանսիայում, դեսպանն ասել է. «Դա վիրավորական է մեր ազգային հասարակությանն ինտեգրված թուրք համայնքի համար»։ Ֆրանսիայի Սենատը հունվարի 23–ի լույս 24–ի գիշերը ձայների 127 կողմ և 86 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը (օրինագիծը վերաբերում է Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտման քրեականացմանը։ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունից բացի ճանաչել է նաև հրեաների ցեղասպանությունը՝ Հոլոքոստը, որի ժխտումն արդեն իսկ քրեականացված է Ֆրանսիայում): Նոր օրինագծի համաձայն՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին 1 տարվա ազատազրկում է սպառնում և 45.000 եվրո տուգանք։

No comments: