Monday, January 23, 2012

Նախագահը եւ ցեղասպանությունը

«Լրագիր» 23-1-2012- Հայաստանի անկախության ձեռքբերման սկզբնական շրջանում դրվել են 1915 թ հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացից Հայաստանի քաղաքական ղեկավարության մեկուսացվածության ավանդույթները: Նման դիրքորոշումը լիովին անիմաստ է դարձել Հայաստանի միջազգային շահերի եւ անվտանգության համատեքստում, ինչպես նաեւ ղարաբաղյան խնդրի հունի մեջ: Կասկած չկա, որ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը մինչ այժմ իշխանության մնար, ապա Հայաստանը պաշտոնական հայտարարություններ կաներ, որ ոչ միայն չի աջակցում, այլեւ դատապարտում է ցեղասպանության ճանաչման միջազգային քաղաքականությունը: Սակայն, հազիվ թե այժմ էլ հասկանալի է այս հարցում Հայաստանի դիրքորոշումը: Հայաստանի նախագահը բավական պայմանական եւ հեռվից է մասնակցնում ցեղասպանության ճանաչման գործընթացին, որը չի կարող կարեւոր գործոն չդառնալ Թուրքիայի եւ շատ այլ պետությունների կողմից փաստարկների հավաքման համար, որոնք ժխտում են ցեղասպանությունը կամ էլ նպատակահարմար չեն համարում ճանաչումը: Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին, ինչը կարեւոր նշանակություն է ունեցել, սակայն դրանով չի կարող սահմանափակվել Հայաստանի եւ անձամբ նախագահի մասնակցությունը: Տարբեր երկրներում Հայաստանի բարեկամները պետք է աջակցություն եւ ձգտում զգան ցեղասպանության ճանաչմանը հասնելու գործում: Օրինակ, ինչու այս տարի Հայաստանի նախագահը ելույթ չունենա Իրանի մեջլիսում կամ էլ հարաբերություններ չհաստատի պանիրանական շարժումների հետ, որն անհրաժեշտ է համարում 1915 թ հայոց ցեղասպանության ճանաչումը: Բավական հետաքրքիր կլինեին Հայաստանի նախագահի շփումները թուրքական տարբեր հասարակական կազմակերպությունների հետ տվյալ հարցի վերաբերյալ: Սակայն նախագահի մասնակցության կողքին մեծ հնարավորություններ ունեն նաեւ Հայաստանի խորհրդարանն ու դիվանագիտական առաքելությունները, որոնք, գործնականում, մեկուսացված են այդ գործունեությունից: Առավել կարեւոր կլիներ Հայաստանի նախագահի հանդիպումն ԱՄՆ նախագահի հետ տվյալ հարցի շուրջ: ԱՄՆ նախագահը չի կարող մերժել նման հանդիպումը: Ինչու՞ է Հայաստանը հրաժարվում նման հնարավորություններից: Միգուցե գոյություն ունեն որոշ կեղծ պատկերացումներ իմիջի եւ քաղաքական նպատակահարմարության մասին՝ կապված նախագահի եւ քաղաքական ղեկավարության անձնական իմիջի հետ: Եթե դա այդպես է, ապա նման վերաբերմունքը եւ հայացքները կարելի է խորը մոլորություն համարել: Ընդ որում, պետք չէ զուգահեռներ անցկացնել Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքականությունների հետ, քանի որ բանը բոլորովին էլ դա չէ: Ներկայիս միջազգային դրությունում, հաշվի առնելով տարբեր պետությունների եւ հասարակությունների շահերը, Հայաստանի ջանքերը մեծապես արդյունավետ ու իրական են, քան թե հակառակորդների քաղաքականությունը, եւ ոչ միայն ցեղասպանության հարցում: Իգոր Մուրադյան

No comments: