Saturday, January 21, 2012

Ֆրանսիայի Սենատի նախագահը սատարում է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը

News.am. 21-1-2012- Ֆրանսիայի Սենատի նախագահ, սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Ժան Պիեռ Բելը հունվարի 19-ին հայտարարել է, թե Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը «հուշային օրենք» չէ եւ ինքը հավատարիմ է սոցիալիստների` օրինագիծը պաշտպանելու դիրքորոշմանը, գրում է «Nouvelles d`Arménie» -ին` վկայակոչելով France-Presse գործակալությանը: «Ես պատկանում եմ քաղաքական ուժի, ով հայտնել է իր դիրքորոշումը, եւ իմ դիրքորոշումը նույնատիպ է լինելու»,-ասել է սենատորը: Հունվարի 12-ին Բեռլին կատարած այցի ժամանակ նա ավելի զուսպ էր արտահայտվել` նշելով, որ «Սենատի նախագահը հատուկ առավելություն ունի եւ պարտավոր չէ քվեարկել»: Այդ իսկ պատճառով նրա հունվարի 19-ի հայտարարությունը որոշակի տարկուսանք է առաջացրել: «Սահմանադրական օրենքների հանձնաժողովն իր կարծիքն է հայտնել, կգա նաեւ քննարկումների, քվերակության ժամանակը»,-նշել է Սենատի նախագահը: «Հանձնաժողովը, որը մի քանի ամիս առաջ միաձայն դեմ էր արտահայտվել օրինագծին, այս անգամ եւս մեծամասնությամբ նույն կարծիքն է հայտնել, սակայն ոչ միաձայն: Ես կնշեի այդ վարանումը»,-ավելացրել է Բելը: Հիշեցնենք, որ Միություն հանուն ժողովրդական շարժման պատգամավոր Վալերի Բուայեի հեղինակած օրինագիծը Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ընդունվել էր դեկտեմբերի 22-ին, իսկ հունվարի 23-ին կքննարկվի Սենատում: Ավանդաբար Սենատի նախագահը չի քվեարկում, սակայն ցանկության դեպքում կարող է քվեարկել:

No comments: