Saturday, January 21, 2012

Արցախի ազատագրված տարածքները պետք է հայրենիք լինի փախստականների համար

HayNews.am. 20-1-2012- «Մինչև այսօր ադրբեջանահայ փախստականների խնդիրը լուծման իմաստով իշխանությունների կողմից պատշաճ ուշադրության չի արժանացել: Փորձ արվեց ինչ-որ ձևով բնակարանային խնդիրը լուծել, սակայն այսօրվա բյուջեն դարձյալ որևէ ծրագիր չունի»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը` անդրադառնալով Բաքվի հայերի ջարդերի 22 ամյա տարելիցին ու դրա հետևանքներին: Բացի այդ` Խառատյանը նշեց, որ Հայաստանի վարած քաղաքականության հետևանքով հայ փախստականների խնդիրը մինչև այսօր միջազգային քննարկումների օրակարգում ընդհանրապես չկա: Նրա խոսքով` չնայած ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է Արցախի հիմնահարցը լուծելու նպատակով, սակայն «նրանք միջազգային ճգնաժամային խմբի խորհրդատվական հանձնարարականով կողմնակի կերպով թույլ չեն տվել, որպեսզի հայ փախստականները բնակություն հաստատեն ազատագրված տարածքներում»: Ի պատասխան HayNews.am-ի հարցին, թե ի՞նչ պետք է արվի, որպեսզի փախստականների հարցը ևս ներառվի Արցախի հիմնահրացի կարգավորման ուղղությամբ տարվող բանակցային գործընթացում, Խառատյանը նկատեց, որ Մինսկի խումբն այս ընթացքում ինչպես քննարկում է Ադրբեջանի տեղահանվածների խնդիրը, այնպես էլ պետք է քննարկի հայ փախստականների խնդիրը: «Հայ փախստականները, տեսնելով, որ որևիցե մեկն այս խնդիրը չի էլ քննարկում, իրենք են միավորվել և մի քանի տարբեր կառույցներից որոշ առաջարկություններ են անում միջազգային հանրությանը, մինչդեռ միջազգային հանրությունը, տվյալ դեպքում, Մինսկի խմբի հետ է կապում խնդրի լուծումը»,- հայտնեց ազգագրագետն ու հավելեց. «Կարծում եմ, որ Մինսկի խումբն առնվազն պետք է քննարկվի ադրբեջանահայ փախստականների կողմից ներկայացված ծրագրերն ու առաջարկները»: Խառատյանը շեշտեց նաև, որ հայ փախստականները գիտակցում են, որ անկախ ամեն ինչից, իրենք չեն կարող վերադառնալ և նորից բնակություն հաստատել Ադրբեջանում գտնվող իրենց նախկին բնակավայրերում, այդ իսկ պատճառով էլ ցանկանում են հայրենիքում ապրել: Այդ հայրենիքը, նրա խոսքերով, կարող է լինել Շահումյանի, Գարդմանի տարածքը, Արցախի ազատագրված տարածքները:

No comments: