Wednesday, January 4, 2012

Անդրեյ Արեշեւ. Իրանի դեմ ռազմական հարվածը կվերաձեւի աշխարհի կեսը եւ Ղարաբաղը կնվիրի Ադրբեջանին

News.am. 3-1-2012- Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններն անկանխատեսելի են եւ զարգանում են վտանգավոր ուղղությամբ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի հետազոտությունների կենտրոնի փորձագետ, Սեւծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից Անդրեյ Արեշեւը:
«Իրանի ռազմական օբյեկտներին հարված հասցնելու կոչեր հնչում են մշտապես: Իրանի թշնամիները չեն հրաժարվի իրենց կործանարար մտադրություններից: Իրանի դեմ ճնշում է գործադրվում տարբեր միջազգային կազմակերպությունների, ահաբեկչական խմբերի ակտիվության եւ ազգային փոքրամասնությունների անջատողական նկրտումների միջոցով: Հիշենք Ուրմիա լճի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները, ահաբեկչական ակտիվությունը Բելուջիստանում եւ ամռանն Իրանի քրդաբնակ տարածքներում իրավիճակի սրացումը: Ամերիկյան հեղինակավոր պարբերականներից մեկը, պնդելով Իրանի դեմ ռազմական հարված հասցնելու անհրաժեշտությունը, նշում է, որ այդ քայլը երկարաժամկետ հեռանկարում զգալիորեն կամրապնդի ԱՄՆ-ի ազգային անվտանգությունը»,- նշեց Արեշեւը:
Հղում անելով ԱՊՀ երկրների ինստիտուտի փորձագետ, ռուսաստանցի քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովին` Արեշեւը ներկայացրեց այն օգուտները, որոնք ԱՄՆ-ն կստանա Իրանի վրա ամբողջական վերահսկողություն հաստատելու դեպքում:
«Կենտրոնական Ասիայի ռեժիմներն անմիջապես կվերակողմնորոշվեն դեպի Վաշինգտոնը, Ադրբեջանը Վրաստանի հետ կմտնի ՆԱՏՕ, Կասպից ծովում կհայտնվի ամերիկյան ռազմատորմիղի դրոշը, Ռուսաստանից կտրված Հայաստանը ստիպված կլինի դուրս գալ ՀԱՊԿ-ից, Ադրբեջանին հանձնել Լեռնային Ղարաբաղը եւ միանալ ՆԱՏՕ-ին: Կենտրոնական Ասիայից Հարվային Կովկասով դեպի Թուրքիա հարավային էներգետիկ միջանցքը կնվազեցնի ռուսական էներգակիրների արտահանումը: Ռուսական տնտեսության անկման հետեւանքով կնվազի ռազմական բյուջեն եւ հնարավոր չի լինի գոնե սահմանափակ պատասխան տալ Ռուսաստանի սահմանի երկայնքով ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայմանը: Այդ ամենի ֆոնին ողջունելի է ռուս-իրանական հարաբերությունների նորմալացման եւ ռազմատեխնիկական համագործակցության միտումները»,- ասաց Արեշեւը:
«Որոշ արեւմտյան լրատվամիջոցներ արդեն անհանգստություն են հայտնում Սիրիայում իբր մարտական հերթապահության դրված С–300 զենիթա-հրթիռային համալիրների կապակցությամբ: Իրանի Իսլամական Հանրապետությունը ներքին ռեսուրսների հիման վրա ներքին եւ արտաքին անվտանգության ամրապնդման քայլեր է ձեռնարկում: Իրավիճակը փոխելուն կօգներ եվրասիական մայրցամաքի սրտում լայնածավալ ռազմական առճակատման դեմ հանդես եկող պետությունների դաշիքնի սեղծումը: Պոտենցիալ ագրեսորին զսպելու համար անհրաժեշտ է կոլեկտիվ փաստարկներ գտնել: Պետք է պարզ դառնա, որ հզոր ինքնիշխան պետության դեմ ռազմական ագրեսիան սկիզբ կդնի նոր լրջագույն հիմնախնդիրների եւ չի լուծի դրանք», - ամփոփեց Արեշեւը:

No comments: