Monday, January 23, 2012

«Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել Nabucco-ի նախագծի իրագործման համար». Թաներ Յըլդըզ

1in.am. 23-1-2012- Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզն անդրադարձել է Nabucco գազատարի կառուցման խնդրին. «Թուրքիան հանդիսանում է Nabucco գազատարի նախագծում ներգրավված 6 երկրներից մեկը։ Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել այդ նախագծի իրագործման համար։ Թուրքիան իրեն պատասխանատու է համարում միայն Nabucco-ի համար էներգետիկ աղբյուր գտնելու հարցում, քանի որ նա նախագծում ներկայացված 6 երկրներից մեկն է։ Nabucco-ի հետ կապված բոլոր խնդիրները լուծում կստանան։ Ադրբեջանական «Շահ Դենիզ-2» գազային հանքավայրի նախագծի իրագործման ապահովման համար մենք, որպես այլընտրանք, առաջ ենք քաշել «Անդրանատոլիական» գազատարը։ Ադրբեջանական գազը տվյալ գազատարով 2017 թվականի վերջին կփոխադրվի Թուրքիա, ապա՝ նաև Եվրոպա։ ԵՄ անդամ երկրները պետք է մասնակցեն բնական գազի փոխադրման անվտանգությանն առնչվող խնդիրների լուծմանը։ Գոյություն ունեցող այլընտրանքային նախագծերով նախատեսվում է մինչև 2035 թվականն այլընտրանքային երթուղիներով գազ մատակարարել Եվրոպային։ Սակայն ամեն դեպքում դա բավական չէ, ինչի համար էլ անհրաժեշտ է գոյություն ունեցող բոլոր նախագծերի, այդ թվում՝ նաև «Շահ Դենիզ 2»-ի իրագործումը»։ Հիշեցնենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրոպայի և Ասիայի էներգետիկ հարցերով ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգսթարն օրեր առաջ Կիևում հայտարարեց, թե ԱՄՆ-ը կասկածում է ռուսական «Հարավային հոսք» և Nabuccօ գազատարների կառուցման հարցում։

No comments: