Monday, February 20, 2012

Թուրք նախարար. Օբամայի ելույթով չի պայմանավորված Ցեղասպանություն եղել է, թե` ոչ

News.am. 20-2-2012- Թուրքիայի` Եվրամիության հետ հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը մի հեռուստաընկերության տված հարցազրույցում խոսել է Շվեյցարիայում իր դեմ սկսված հետաքննության, Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծից եւ մոտեցող ապրիլի 24-ի հետ կապված ԱՄՆ նախագահի ելույթից: Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ` Բաղըշը կրկին քննադատել է Սարկոզիին` Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի համար, շեշտելով, թե այդ օրինագիծը պետք է մերժվի Սահմանադրական խորհրդի կողմից: Շվեյցարիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար իր դեմ սկսված հետաքնննության հետ կապված Էգեմեն Բաղըշը նշել է, թե այն նախնական հետաքննության փուլում է եւ ինքը հանգիստ կարող է Շվեյցարիա գնալ, քանի որ դժվար թե ինչ որ մեկը թուրք նախարարի ձերբակալի: Անդրադառնալով ապրիլի 24-ին Օբամայի ելույթին, թուրք նախարարը նշել է. «Եթե ասի «ցեղասպանություն» ի՞նչ կլինի, եթե չասի, ի՞նչ կլինի: Կստացվի այնպես, որ եթե ինչ որ մեկն ասում է ցեղասպանություն է, ուրեմն` ցեղասպանությո՞ւն է, իսկ եթե չի ասում ցեղասպանություն է, ուրեմն ցեղասպանություն չի՞»: Բաղըշը նշել է, թե աշխարհում 1915-ի հետ կապված ամենամեծ արխիվները Բոստոնում են, որոնք կարողանում են ուսումնասիրել միայն հայերը:

No comments: