Saturday, February 11, 2012

Նոամ Խոմսկի. Թուրքիան դիմակայում է ԱՄՆ-ին

News.am. 11-2-2012- NEWS.am-ը ներկայացնում է հատված լեզվաբանության նորարարական աշխատանքների հեղինակ, տասնամյակներ շարունակ խաղաղության եւ սոցիալական արդարության կոչերով հանդես եկող, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի աշխարհահռչակ պրոֆեսոր Ավրամ Նոամ Խոմսկու հարցազրույցից, որը հրապարակել է «The Armenian Weekly»-ն: Խոսենք Թուրքիայի մասին: Մի քանի տարի այդ երկիրն ապարդյուն ձգտում էր ընդգրկվել Եվրամիությունում: 2012թ. հունվարի 5-ին «TheNew York Times»-ի առաջին էջում հայտնվեց «Թուրքիայի փայլը խամրում է, իսկ մամուլը գտնվում է մեղադրանքների սպառնալիքների տակ» վերնագրով հոդված: Թուրքիայի մարդու իրավունքների պաշտպաններն ասում են, որ լրագրողների նկատմամբ «ուժի գործադրումը տագնապահարույց միտման մաս է»: Բացի այդ, հոդվածի համաձայն` «ձերբակալությունները սպառնում են ստվերել վարչապետ Էրդողանի կերպարը: Նա Մերձավոր Արեւելքում ներկայանում է որպես հզոր տարածաշրջանային առաջնորդ, որն ի զորու է դիմակայել Իսրայելին ու Արեւմուտքին»: Հաղորդագրության համաձայն` այժմ Թուրքիայի բանտերում են գտնվում զանգվածային լրատվամիջոցների 97 ներկայացուցիչները, այդ թվում լրագրողներ, հրատարակողներ եւ տարածողներ»: Իրավապաշտպանների խոսքով, այդ թիվը գերազանցում է Չինաստանի ցուցանիշը: Նրանցից մեկը մրցանակակիր լրագրող Նադիմ Շեներն է, որին ձերբակալել են Հրանտ Դինքի սպանության լուսաբանման համար: Այն որ այդ նյութը հայտնվել է «The New York Times»-ում հեգնական նշանակություն ունի: Այն, ինչ տեղի է ունենում Թուրքիայում` շատ վատ է: Մյուս կողմից, թերթը չի համեմատել այսօրվա իրավիճակը 1990-ականների հետ: Թուրքական պետությունը խոշոր ահաբեկչական պատերազմ էր մղում քրդերի դեմ. տասնյակ հազարավոր զոհվածներ, հազարավոր ավերված քաղաքներ եւ գյուղեր, հավանաբար, միլիոնավոր փախստականներ, խոշտանգումներ, վայրագություններ: Թերթը դրա մասին դժվար թե հաղորդած լինի: Նրանք, իհարկե, չեն հաղորդել, կամ եթե հաղորդել են, ապա կցկտուր, որ զենքի 80 տոկոսը Թուրքիային մատակարարել է ԱՄՆ-ն, իսկ Քլինթոնը 1997-ին, վայրագությունների բարձրակետին Թուրքիա առաքեց ավելի շատ զենք, քան ամբողջ Սառը պատերազմի ընթացքում: Դա լուրջ է: Դրա մասին դուք չեք գտնի «The New York Times»-ում: Անկարայում թերթի թղթակից Սթիվեն Քինզերն այդ մասին դժվար թե գրած լիներ: Բայց նա գիտեր այդ մասին: Բոլորը գիտեին: Այնպես որ, մենք կարող ենք թերահավատորեն վերաբերվել այն փաստին, որ նրանք այժմ հիասթափված են Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների կապակցությամբ: Այժմ նրանք պատրաստ են արձանագրել մարդու իրավունքների խախտումները, քանի որ ԱՄՆ-ն չի աջակցում Թուրքիային: Մերձավոր Արեւելքում Էրդողանի բարձր վարկանիշը նյարդայնացնում է ԱՄՆ-ին: Էրդողանն ամենաժողովրդական գործիչն է արաբական աշխարհում: Իսկ Օբամայի ժողովրդականությունն այդ տարածաշրջանում զիջում է նույնիսկ Բուշի վարկանիշին: Թուրքիայի ինքնուրույն դերը համաշխարհային գործերում դուրեկան չէ ԱՄՆ-ին: Թուրքիան ընդլայնում է առեւտրային կապերը Իրանի հետ: Անկարան Բրազիլիայի հետ կարողացավ համոզել Իրանին համաձայնել քիչ հարստացված ուրանի տեղափոխման ծրագրի հետ, որը կրկնում է Օբամայի ծրագիրը: Իրանի համաձայնությունը զայրացրեց ԱՄՆ-ին, քանի որ այն հիմք է տալիս չեզոքացնել պատժամիջոցների հիմնավորումները: Այդ ամենը դարձավ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի թշնամության առիթ: Հաշվի առնելով այդ իրավիճակը` տեղին է քննադատել Թուրքիային մարդու իրավունքների խախտումների համար: Սակայն, իրականում, նախորդ տասը տարիներին զգալի առաջընթաց է եղել այդ ոլորտում: Բայց վերջին երկու տարիներին եղել են նաեւ բազմաթիվ տհաճություններ: Տեղին է բողոքել դրա դեմ, եթե մի կողմ դնել ցինիզմը:

No comments: