Monday, February 20, 2012

Երկրապահն ու արդիականացումը

«Լրագիր» 20-2-2012- ԵԿՄ համագումարի ընթացքում ունեցած իր ելույթում, Սերժ Սարգսյանը կրկին խոսեց երկրի արդիականացման գործընթացի մասին, հայտարարելով, թե արդիականացում է պետք բոլոր ուղղություններով. “Մենք գնում ենք Հայաստանը համակողմանիորեն արդիականացնելու ճանապարհով: Արդիականացումը վերաբերում է թե՛ մեր քաղաքական ու իրավական համակարգին, թե՛ արդյունաբերությանը, թե՛ գիտությանն ու կրթությանը: Մենք պետք է դառնանք ժամանակակից ազգ, որ մրցունակ է և պատրաստ է դիմակայել պատմական պահի մարտահրավերներին”: Սերժ Սարգսյանն արդեն չորս տարի է, ինչ խոսում է արդիականացումից: Բայց նաեւ չորս տարի է, ինչ իշխանության ճառերից բացի, գրեթե ոչ մի այլ բանում չի նկատվում արդիականացում: Ճառերն էլ, ավելի շատ ոչ այնքան արդիականանում են, որքան նույնիսկ դեպի հետ են գնում՝ դեպի խորհրդային դպրոցի շարադրությունները, երբ իրավաբանական եւ արժեհամակարգային իմաստով խորհրդահպատակ ուսուցչակազմը հիանում էր աշակերտների շարադրություններում նկատվող դարձվածքներով, ինչպես օրինակ. “Հայ ժողովրդի համար ճակատագրական պահերին, կենաց ու մահվան մարտահրավերների առջև կրկին ու կրկին զրնգացել է հայկական լայնալիճը: Ու այդ զրնգոցի կանչը արթնացրել է հայկական ըմբոստ ու պատվախնդիր ոգեկերտվածքը կրողներին”, կամ. “Երկրապահը ծնող էր, որ իր թևերը փռեց կրակների վրա, իր մարմնով ծածկեց արհավիրքը, մինչև մեծանա ու կազմավորվի զավակը` հայոց երիտասարդ բանակը”: Դրանք հատվածներ են ԵԿՄ համագումարում ունեցած Սերժ Սարգսյանի ելույթից: Մինչդեռ, արդիականացող երկրում, պետության առաջին դեմքերից պահանջվում են ոչ թե դարձվածաբանության լավագույն ավանդույթներին բնորոշ ելույթներ, որքան էլ որ դրանք արթնացնեն հին ու բարի դպրոցական հիշողություններ, այլ արդիականացման մասին առարկայական ճառեր՝ ոլորտ առ ոլորտ, երեւույթ առ երեւույթ: Օրինակ, երբ Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում ԵԿՄ համագումարում, ապա արդիականացող երկրի տրամաբանությունը հուշում է, որ այդ ելույթը պետք է վերաբերի արդիականացող կյանքում երկրապահի դերին եւ առաքելությանը՝ ինչպես է տեսնում Սերժ Սարգսյանը այդ դերը, որտեղ, ինչ դրսեւորումով, ինչ որակով, ԵԿՄ առաջ ինչ պահանջներ է նա տեսնում հենց այդ արդիականացման համատեքստում: Այլ կերպ ասած, եթե իշխանությունն իրապես երկիրը փորձում է տանել արդիականացման ուղով եւ հանրությանը ներգրավել արդիականացման դիսկուրսի մեջ, ապա Սերժ Սարգսյանը թիրախավորված լսարանների առաջ պետք է ունենա հենց այդ արդիականացման համատեքստում տեղավորվող առարկայական ելույթներ, հանդես գա կոնկրետ առաջարկներով, կոնկրետ գաղափարներով: Արդաիականացումն ինքնին չափազանց ընդհանրական գաղափար է եւ պահանջում է մասնավորեցում, ինչին պետք է ծառայեն լսարանները, որոնց առաջ ելույթ է ունենում արդիականացման կուրսի հրամանատարի հավակնություն ներկայացնող Սերժ Սարգսյանը, նաեւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Այդ դեպքում է հնարավոր չափել արդիականացվելու եւ արդիականացնելու ունակ իշխանության իրական կարողությունը, կամքը, անկեղծությունը, ընդունակությունը: Այլապես, շարունակվող ընդհանրական ձեւակերպումները խոսում են, ընդ որում արդեն թերեւս տեւական ժամանակ, այդ ամենի բացակայության մասին եւ հանրության մոտ թերեւս ավելի շատ տպավորություն ստեղծում, որ իշխանությանը արդիականացում հասկացությունն է պետք, ոչ թե երեւույթը: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: