Monday, June 11, 2012

Հայկական թագավորանիստ Անիում հայերեն ոչ մի բառ չկա. Vatan

Tert.am. 10-6-2012- «Հայաստան-Թուրքիա երկխոսության զարգացում» ծրագրի շրջանակներում հայ եւ թուրք 16 լրագրողները գործնական շրջագայություն են ունեցել Թուրքիայում եւ Հայաստանում: Թուրքական «Վաթան» օրաթերթի լրագրող Ջան Քայթմազը պատմել է իր տպավորությունների մասին: «Մարդուն ճանաչելու համար նրա հետ ճանապարհ պիտի գնաս ասում են»,- գրել է նա` և պատմել Ստամբուլից սկսած և Հայաստանում ավարտված շրջագայության մանրամասների մասին: «Հայերի` հուզական կապերով կապված եկեղեցիները և շինություններն այցելեցինք: Հայ և թուրք մասնակիցների վրա, սակայն, ամենամեծ ազդեցությունն Անիի ավերակները թողեցին: Անցյալում հայկական թագավորանիստ քաղաք Անիում զբոսաշրջիկները հայերեն ոչ մի բառի չեն հանդիպում: Տեղեկատվական ցուցանակներում հայերի մասին խոսք անգամ չկա: Վերջին շրջանում շրջադարձային կետի հասած Հայաստան-Թուրքիա հարաբերություններն անխոս թեկուզ փոքր քայլերով առաջ կընթանա, եթե Թուրքիայի Զբոսաշրջության նախարարությունը լուծի այդ հարցը»,- գրում է լրագրողը: Նա պատմում է, թե ինչպես են Կարսից հատել Վրաստանի սահմանը, սակայն սահմանն անցնելուց հետո ոչ մի ուշագրավ բան չեն տեսել.«Կարսի քարուքանդ ճանապարհները շարունակվել են թե՛ Վրաստանում, թե՛ Հայաստանում»: Քայթմազի խոսքերով` Ճանապարհների եզրին տեղակայված գյուղերն էլ Հայաստանում և Թուրքիայում նման են իրար` մինչև Հայաստանի մայրաքաղաք Երևան հասնելը: «Սովետական ոճով կառուցված այս քաղաքում` ընդարձակ պողոտաներով և հրապարակներով, եթե երբեմն հանդիպող «Լադա» մակնիշի մեքենաներն էլ չլինեին, դու քեզ Եվրոպայում կզգաք»,- իր տպավորություններն է պատմել նա: Թուրք լրագրողն այցելել է նաև Ցեղասպանության թանգարան, որը նա որպես «Հայաստանում ամենաշատ այցելուներ ունեցող թանգարանը»: Զրուցել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի հետ, ով տեղեկացրել է, որ թանգարանը շուտով ընդարձակվելու է և նոր բաժիններ են ավելանալու: «Ցեղասպանության թանգարանի կայքը թուրքերն բաժին ունի: Հենց այդ բաժինը կայքում ամենից հաճախ այցելվողն է, իսկ թանգարան շատ են այցելու գերմանացիները, իտալացիներն ու ամերիկացիները»,- գրում է նա: Հայ և թուրք լրագրողների ճանապարհորդությունը սկսվել է Ստամբուլում, ապա շարունակվել Քայսերի, Անկարա, Կարս քաղաքներում, որտեղ հանդիպումներ են եղել տարբեր պաշտոնյաների հետ: Հայ և Թուրք լրագրողները եղել են նաև Հայաստանում:

No comments: