Wednesday, October 3, 2012

Դատախազը դեռ շատերի հետեւից կգա

«Լրագիր» 2-10-2012- Խորհրդարանում Վարդան Օսկանյանի հարցով գլխավոր դատախազի միջնորդության քննարկումը մի հետաքրքիր օրինաչափություն արձանագրեց: Փաստացի, քաղաքական ուժերի ներկայացուցիչներից ոչ ոք չանդրադարձավ հարցի իրավական կողմին, ընդհանուր բնույթի հայտարարություններից բացի: Փոխարենը, շատ էին միմյանց անցյալը հիշեցնելու, բարոյախրատական բնույթի ելույթները: Եւ այս ամենի ֆոնին, աչքի զարնեց մի հանգամանք՝ «պատգամավոր հանձնելու» մասին հայտարարությունները: ԲՀԿ-ն նախքան այս միջնորդությունն էր հայտարարել, որ չեն հանձնելու իրենց կուսակցին: ԲՀԿ պատգամավոր Վահե Հովհաննիսյանը խորհրդարանում իր ելույթում ասաց, որ քանի որ վիճակը երկրում լավ չէ, իշխանությունը գլխավոր դատախազին դեռ հաճախ է նման միջնորդություններով ուղարկելու խորհրդարան: ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանն, իր հերթին, նշեց, որ իրենք չեն հանձնելու իրենց ընկերոջը՝ Օսկանյանին: Վարդան Օսկանյանն էլ իր ելույթում հայտարարեց, որ եթե իրեն այսօր հանձնեն, ապա վաղը մյուսներին է նույնը պատահելու: Նման մի բան էլ հայտարարեց Գագիկ Ջհանգիրյանը: Իրականում, հայկական քաղաքական կոչվող համակարգը վաղուց է հանձնել Օսկանյանին: Իսկ այն, ինչ կատարվեց խորհրդարանում, իրականում Օսկանյանի պաշտպանություն չէր, այլ Օսկանյանին իրենցից մեկը դարձնելու, ձեռքները նրանից լվանալու եւ նրան իրավապահների հոշոտմանը հանձնելու բնազդական ծես: Տեղի ունեցածն ընդամենը կրկին անգամ վեր հանեց կուսակցական-քաղաքական համակարգի ողջ սնանկությունն ու կապիտուլյատիվ բնույթը: Հայաստանի քաղաքական-կուսակցական դասը հանձնել է այնպիսի բաներ, որոնց համեմատ Օսկանյանի «հանձնումը» մանր հարց էր: Հանձնել է ընտրությունները, մարդկանց քվեները, հանձնել է Ղարաբաղը «փոխզիջման» տեսքով, հանձնել է մարդկանց հույսերը: Օսկանյանի հարցն ընդամենն առիթ դարձավ, որ այս ամենն ասեին միմյանց երեսին, մեղադրեին իրար հին ու նոր մեղքերի մեջ, փորձելով չոր դուրս գալ: Եւ միմյանց զգուշացնել «հանձնվելու» հեռանկարի մասին: Երեւի այն հույսով, որ հանկարծ իրենց հետեւից էլ դատախազը չգա: Կգա, կարելի է չկասկածել, Վահե Հովհաննիսյանը ճիշտ էր ասում: Ինքն Օսկանյանը ոչ միայն չդիմադրեց դրան, այլեւ հանձնվեց «երեւանյան քաղաքական մշակույթի» հորձանուտին, մշակույթ, որի հիմքը պանյատկաներն են՝ լավի ու վատի, հերոսի ու դավաճանի, ճշտի ու սխալի վերաբերյալ, իսկ մեթոդաբանությունը՝ ամեն ինչի` իր անկարողության, ձախողումների համար հիմնավորում ու արդարացում գտնելը: Եւ այդտեղ էլ դարձավ այդ մշակույթի մի մասը, եւ արդեն իսկ չկա այն ամենում, ինչ աղմկում ու պտտվում է իր շուրջը: Հայկ Արամյան

No comments: