Lragir. 20-3-2009- Վերջին ժամանակներս Ջավախքում գոյություն ունեցող հիմնախնդիրների շուրջ ակտիվացել են հասարակական-քաղաքական քննարկումները: Հայտնվել են ինչ-որ ուժերի կողմից ուղղորդվող մարդիկ, որոնք կազմակերպված ձևով փորձում են հասարակության ուշադրությունը շեղել Ջավախքում գոյություն ունեցող բուն հիմնախնդիրներից:
Ջավախքի հասարակական-քաղաքական կազմակերպությունները մշտապես քննարկել և բազմիցս Վրաստանի կենտրոնական իշխանությանն են ներկայացրել այն հիմնախնդիրները, որոնց լուծումից է կախված հայ ազգաբնակչության հետագա գոյատևումը Ջավախքում և հայ-վրացական բարեկամության ամրապնդումը:
Այս հիմնախնդիրներին են պատկանում ազգային ինքնության պահպանման, քաղաքական, հոգևոր-մշակութային, կրթական և սոցիալ-տնտեսական բնույթի հարցերը: Մասնավորապես, մեզ համար կենսական նշանակություն ունեն.
- տեղական իշխանության մարմիններին ավելի լայն լիազորություններով օժտելը,
- վրաց պետական լեզվին զուգահեռ հայոց լեզվին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տրամադրելը,
- մարդու և համախումբ բնակվող ազգային փոքրամասնության իրավունքների պաշտպանությունն ապահովելը,
- վրացական իշխանությունների կողմից տարածաշրջանում ժողովրդագրական կազմի արհեստական փոփոխությանը միտված քաղաքականության բացառումը,
- Ջավախք-Հայաստան բազմակողմանի կապերը միտումնավոր խոչընդոտելու քաղաքականության բացառումը,
- տարածաշրջանի հասարակական-քաղաքական գործիչների նկատմամբ ապօրինի հետապնդումների ու հալածանքների բացառումը,
- հայ-վրացական պետական սահմանի Ջավախքի հատվածում սահմանի անցման արհեստական խոչընդոտների վերացումը,
- պետական կրթական համակարգի օպտիմալ համակարգումը հայկական ազգային կրթության հետ,
- տարածաշրջանում հայկական ազգային մշակույթի պահպանման և զարգացման միջոցառումների մշակումը և իրագործումը,
- Ջավախքում ներդրումային և հումանիտար քաղաքականությանը նպաստող օրենսդրական փաթեթի մշակումը:
Համոզված ենք, որ առանց այս խնդիրների լուծման, Ջավախքում կպահպանվի մշտական լարվածություն, և այդ պատճառով էլ մենք պայքարում ենք դրանց լուծման համար: Խնդիրները վերանում են դրանք լուծելով, ոչ թե դրանց բարձրացնողներին լռեցնելով:
Մենք համագործակցում ենք այս խնդիրները բաձրացնող և նրանց լուծմանը նպաստող բոլոր հասարակական և քաղաքական կազմակերպությունների ու անհատների հետ և պայքարելու ենք բոլոր նրանց դեմ, ովքեր փորձում են անձնական նպատակներով հասարակության ուշադրությունը շեղել դրանից:
Համոզված ենք, որ այս խնդիրների լուծման ուղղությամբ համընկնում են Հայաստանի և Վրաստանի պետական շահերը:
Իսկական հայ-վրացական բարեկամություն կհաստատվի միայն բարձրացրած խնդիրների լուծման արդյունքում:
Ջավախքի հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ`
Վիրք կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյան
Ակունք միության նախագահ Մելս Թորոսյան
Ջավախք ժողովրդական շարժման նախագահ Նորիկ Կարապետյան
Ջավախքի մտավորականների միության նախագահ Ազատ Շիպակցյան
Saturday, March 21, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment