
ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի «Ապրիլ 24» հանձնախումբը Մեծ եղեռնի 94-ամյակի ոգեկոչման արարողություններ կկազմակերպի Ամստերդամում եւ Ասենում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հանձնախմբից, ապրիլի 19-ին` ժամը 14:00-ին, Ամստերդամի Մովսես եւ Ահարոն եկեղեցում քաղաքի համալսարանի դասախոս եւ Հոլոքոստի ու Ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնի հետազոտող դոկտոր Թոն Զվանը, Հոլանդիայի խորհրդարանի սոցիալիստական կուսակցության պատգամավոր Հարի վան Բոմելը, Բոխումի Ռուր համալսարանի Սփյուռքի եւ Ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնի տնօրեն դոկտոր-պրոֆեսոր Միհրան Դաբաղը, արձակագիր եւ բանաստեղծ Ռեջեբ Մարաշլին, հրապարակախոս Օսման Քյոքերը ոգեկոչման ելույթների ժամանակ ուշադրություն կդարձնեն Ադանայի հայ բնակչության կոտորածի 100-ամյակին: Ադանայի ջարդը տեղի է ունեցել 1909 թ. ապրիլին, որի ընթացքում թուրք ջարդարարները կոտորել են 20-30 հազար հայերի: Կկազմակերպվի նաեւ ցուցահանդես` «Ադանայի անցյալը եւ ներկան» խորագրով, որտեղ կներկայացվեն հայկական շենքերն ու հիմնարկները, որոնք անհետացել են Հայոց ցեղասպանության հետեւանքով:
Ասենի դե Բոսկամպե գերեզմանատանն ապրիլի 24-ին` ժամը 14:00-ին, ծաղկեպսակներ կտեղադրվեն Մեծ եղեռնի հուշարձանին, կկատարվի հոգեհանգստյան արարողություն:
No comments:
Post a Comment