Tuesday, April 7, 2009

Երիտասարդներն ընդդեմ օրինագծի

A1+ 6-4-2009- «Ոչ ոստիկանապետությանը»,«Ոչ ոստիկանական տեռորին», «Ոստիկանը պաշտպանելու համար է»,«Ուշադրություն, խախտվում են մարդու իրավունքները» պաստառներով այսօր Աժ-ի դիմաց էին հավաքվել մի խումբ երիտասարդներ: Նրանք մտահոգված են «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծով: Ոստիկանները, որոնք սկզբում գերազանցում էր երիտասարդների թվին, չթույլատրեցրին նրանց կանգնել ԱԺ գլխավոր մուտքի մոտ' պատճառաբանելով, որ չունեն համապատասխան թույլտվություն: ԱԺ դարպասներից հեռու մոտ 10 րոպե կանգնելուց հետո' ակցիայի մասնակիցներին մոտեցավ ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանի օգնականը' Դավիթ Սանասարյանը, եւ վերջինիս ուղեկցությամբ երիտասարդները կրկին գնացին իրենց նախկին տեղը. ոստիկանները նրանց այս անգամ չխոչընդոտեցին: Միայն երբ զգացին, որ փողոցով անցնող մեքենաների դանդաղեցնում էին իրենց ընթացքը' կարդալու թե ինչ է գրված պաստառների վրա, ոստիկանները եկան ու կանգնեցին երիտասարդների դիմաց: Երիտասարդներն այս անգամ ավելի բարձր պահեցին պաստառները: «Քաղաքացիական Ազգային նախաձեռնություն» հասարակական կազմակերպության անդամ Դանիել Իոաննիսյանը ասաց, որ իրենք դեմ ենք այդ օրենքի բազմաթիվ, բայց մասնավորապես 17-ից 19 կետերին, որտեղ սահմանվում է, թե որ դեպքերում ոստիկանը կարող է ուժ գործադրել, ոստիկանական հատուկ միջոց եւ հրազեն գործարկելը: «Խախտված է օրինաչափությունը, հստակ սամանազատված չի, թե որ դեպքում ոստիկանը կարող է հատուկ ուժ գործադրել կամ հրազեն: 18 հոդվածի 5 կետում նշված է, որ եթե ոստիկանը չունի հատուկ միջոց կամ հրազեն կարող է օգտագործել իր ձեռքի տակ եղած իրերը, որոնք կարող են օրինակ լինել քար կամ մուրճ», -ասաց Դանիել Իոաննիսյանը: Աժ-ի մոտից երիտասարդները երթով, իրենց պահանջների մասին թերթիկներ բաժանելով, քայլեցին մինչեւ Օպերա: Ըստ նրանց' նմանատիպ ակցիաներ' առաջիկայում վերստին կկազմակերպվեն: Նշենք, որ «Ոստիկանության զորքերի մասին» օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվել է եւ փոփոխության համաձայն' ոստիկանները հասարակական կարգը պահպանելու համար հատուկ միջոցներ կարող են կիրառել առանց հրահանգ ստանալու' այսինքն կրակել, ձեռնաշղթաներ օգտագործել, շների օգնությանը դիմել: Այս փոփոխությունների համաձայն' ոստիկանության զինծառայողը իրավունք ունի փողոցում մոտենալ եւ ստուգել մարդկանց, մուտք գործել նաեւ մարդկանց բնակարանները:

No comments: