
HayInfo 6-4-2009- Ամերիկյան ղեկավարությունը դեռևս հստակ դիրքորոշում չունի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։
«Քանի դեռ Բարաք Օբաման գտնվում է Անկարայում, կարելի է ասել, որ ամերիկյան ղեկավարությունը դեռևս հստակ դրքորոշում չունի Ցեղասպանությունը ճանաչելու հարցում»,- նշեց Դեմոյանը։
«Սակայն Օբաման մի քանի անգամ բանավոր և գրավոր կերպով արտահայտել է իր դիրքորոշումն այս հարցում։ Այնուամենայնիվ, տվյալ պահին դժվար է ասել, թե ապրիլի 24-ի իր ուղերձում նա կարտասանի՞ «ցեղասպանություն» բառը, թե՞ ոչ»,- ավելացրեց նա։
Փորձագետն առանձնակի կարևորեց Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նամակը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որում նրանք կոչ էին անում նրան ապրիլի 24-ի իր հիշատակի ուղերձում «հայերի զանգվածային կոտորած» արտահայտության փոխարեն արտասանել «ցեղասպանություն» բառը:
«1915-1920 թթ.-ի իրադարձությունների ճանաչումը որպես ցեղասպանություն ակադեմիական մակարդակի նման հեղինակավոր կազմակերպության կողմից շատ կարևոր է մեզ համար»,- նշեց նա։
Ընդ որում Դեմոյանն ընդգծեց, որ Հայաստանում ներկայումս որակավորված ցեղասպանագետ գրեթե չկա։
«Շատ կարևոր է գիտության մեջ ունենալ նման ուղվածություն, որպեսզի ցեղասպանության խնդիրը ճիշտ ներկայացվի»,- ասաց փորձագետը։
Միևնույն ժամանակ նա նշեց, որ հայ ցեղասպանագետների խումբ ներկայումս արդեն ստեղծված է։
Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` կոչ անելով նրան ապրիլի 24-ի իր հիշատակի ուղերձում «հայերի զանգվածային կոտորածն անվանել ցեղասպանություն»:
«Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ դուք ցույց կտաք, որ այն առաջնորդն եք, ում նկատի ունեիք 2008թ. հունվարի 19-ին, ով ճշմարտությունն է ասում Հայոց ցեղասպանության մասին, վճռականորեն հակազդում բոլոր ցեղասպանություններին»,- ասված է նամակում:
Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն. հայ։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորհուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։
No comments:
Post a Comment