Tuesday, April 7, 2009

Օբաման խոսեց Թուրքիայում

A1+ 6-4-2009- ՙԵս իմ տեսակետները չեմ փոխել՚, - հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման' այսօր Անկարայում կայացած ասուլիսի ժամանակ պատասխանելով Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցին: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ը' Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հետ Բարաք Օբամայի համատեղ ասուլիսի ընթացքում հնչած երկու հարցերից մեկը տվել է Chicago Tribune թերթի թղթակիցը: ՙՈրպես սենատոր դուք եղել եք ամերիկահայերի կողքին, կողմ եք եղել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունմանը, ասում էիք, որ որպես նախագահ կճանաչեք ցեղասպանությունը: Արդյոք փոխե՞լ եք ձեր տեսակետը՚,-հարց է տվել լրագրողը: ԱՄՆ նախագահը արձագանքել է. ՙԻնձ ոգեշնչել են այն լուրերը, որ Աբդուլա Գյուլի պաշտոնավարման օրոք բանակցային գործընթաց է սկսվել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, որի նպատակն է մի շարք կուտակված հարցերի լուծումը գտնելը, այդ թվում' այս մի խնդրի լուծումը: Ես կուզեի հնարավորինս աջակցել այս բանակցություններին, որոնք շարունակվում են եւ կարող են շատ շուտով արդյունքի հանգեցնել»: Ապա շարունակել է. «Իմ զգացողությունն այնպիսին է, որ այդ գործընթացները արագորեն են զարգանում: Ես կուզեի նաեւ ասել, որ այս բոլոր խնդիրների լուծման ընթացքում մենք համագործակցելու ենք, որպեսզի ամենակարեւոր կողմերը' թուրքերն ու հայերը կարողանան կառուցողաբար հանգել ընդհանուր հայտարարի: Իմ ցանկությունը մեկն է' քաջալերել նախագահ Գյուլին, որպեսզի նա առաջ շարժվի այս արդեն իսկ արդյունավետ բանակցությունների ճանապարհով: Ես չէի ցանկանա, որպեսզի Միացյալ Նահանգները թեքվեին դեպի այս կամ այն բանակցային կողմը, քանի դեռ նրանք արդյունավետ բանակցությունների փուլում են՚: Այսօր ավելի ուշ ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում' Բարաք Օբաման կրկին անդրադարձել է հայ - թուրքական հարաբերությունների խնդրին' մասնավորապես, հայտարարելով. ՙԵս գիտեմ այն կոշտ հայացքների մասին, որ առկա են այս խորհրդարանում' կապված 1915 թվականի սարսափելի իրադարձությունների հետ: Հայ եւ թուրք ժողովուրդների համար, սակայն, առաջընթացի լավագույն ուղին աշխատանքն է անցյալի վրա' թափանցիկ, ազնիվ ու կառուցողական աշխատանքը: Մենք դարձանք հայ եւ թուրք առաջնորդների պատմական ու ոգեւորիչ քայլերի ականատեսը: Այս շփումները նոր օր են խոստանում մեզ: Սահմանի բացումը հայ եւ թուրք ժողովուրդներին կվերադարձնի բարեկեցիկ ու խաղաղ գոյակցության, ինչը բխում է երկու ժողովուրդների շահերից: Այնպես որ, ես ուզում եմ, որ դուք տեղյակ լինեք' Միացյալ Նահանգները միանշանակորեն սատարում է Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների լիակատար կարգավորմանը: Սա հուշում է թուրքական ղեկավարությանը, որ այդ դեպքում ձեր երկիրը կդառնա տարածաշրջանի միակ պետությունը, որը խաղաղ ու բնականոն հարաբերություններ կունենա հարավկովկասյան բոլոր երկրների հետ: Այս խաղաղությանը հասնելու համար դուք կարող եք կառուցողական դեր խաղալ' նպաստելով Lեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը, մի խնդիր, որը բավական երկար ժամանակ է արդեն, ինչ շարունակվում է՚: Ինչպես Սենատում իր գործունեության ընթացքում, այնպես էլ նախագահական ընտրարշավում Բարաք Օբաման բազմիցս հանդես է եկել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման օգտին: Միացյալ Նահանգների նախագահը Անկարա է ժամանել երեկ ուշ երեկոյան:

No comments: