Thursday, April 2, 2009

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչն ազատվել է պաշտոնից

HayInfo.31-3-2009- Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը երկուշաբթի ազատվել է պաշտոնից, տեղեկացրել են ՀՖՖ մամուլի ծառայությունից։ «Երկուշաբթի տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի և Պոուլսենի հանդիպումը, որից հետո ՀՖՖ նախագահի որոշմամբ դանիացի Յան Պոուլսենն ազատվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից», - ասել է ՀՖՖ մամուլի ծառայության ներկայացուցիչը։ Միաժամանակ նա նշել է, որ 63-ամյա դանիացի մասնագետին առաջարկվել է շարունակել աշխատանքը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի պաշտոնում: «Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատարի դերը ժամանակավորապես կկատարի Պոուլսենի օգնական Վարդան Մինասյանը», - ասել է ՀՖՖ-ի ներկայացուցիչը։ Պոուլսենը նշանակվել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում 2008 թ.-ի հունվարին։ Մինչ այդ նշանակումը նա 2006 թ.-ից մարզում էր Հորդանանի երիտասարդական հավաքականը (U-20), որը նրա ղեկավարությամբ նվաճել էր 2007 թ.-ի աշխարհի երիտասարդական առաջնության ուղեգիրը։ Հայաստանի հավաքականը Թուրքիայի, Իսպանիայի, Բելգիայի, Բոսնիայի և Հերցոգովինայի, ինչպես նաև Էստոնիայի հավաքականների հետ մեկտեղ ներառված է 2010 թ.-ի աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական փուլի 5-րդ խմբի մեջ։ Պոուլսենի ղեկավարությամբ Հայաստանի հավաքականը պարտվել է ընտրական փուլի 4 հանդիպումներում՝ Թուրքիային՝ 0։2, Իսպանիային՝ 0։4, Բելգիային՝ 0։2, Բոսնիա և Հերցոգովինային՝ 1։4 հաշվով։ Միայն Երևանում մարտի 28-ին Էստոնիայի հավաքականի հետ հանդիպումը հայ ֆուտբոլիստներին մեկ միավոր բերեց՝ հանդիպումն ավարտվեց 2։2 հաշվով։ Այժմ ապրիլի 1-ին Հայաստանի հավաքականը Տալլինում պետք է ուժերը չափի էստոնացիների հետ։ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում իր վերջին մամուլի ասուլիսի ժամանակ Պոուլսենը հայտարարել էր, որ մի քանի տարուց Հայաստանը կունենա ուժեղ հավաքական։ Նրա խոսքերով՝ այժմ Հայաստանում կան շատ լավ երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնք մի քանի տարուց կդրսևորեն իրենց։ Միաժամանակ նա նշել էր, որ իսկապես լավ ֆուտբոլիստ դառնալու համար հայ խաղացողները պետք է հանդես գան ուժեղ արտասահմանյան առաջնություններում։

No comments: