Monday, April 6, 2009

Ադրբեջանում Թուրքիայի քայլերը որակում են որպես դավաճանություն

Tert.am- 6-4-2009- Օրեր առաջ ադրբեջանական մամուլը հեղեղված էր տեղեկություններով, որ երկրի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի ՄԱԿ-ի «Քաղաքակրթությունների դաշինք» նախաձեռնության գագաթաժողովին, որը պետք է կայանա Ստամբուլում, քանի որ ցանկանում է նման քայլով իր դժգոհությունն ի ցույց դնել՝ հաշվի առնելով հայ-թուրքական հարաբերություններում նկատվող առաջընթացը։ Այսօր արդեն թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ պաշտոնական Բաքուն ներկայացված չի լինի գագաթաժողովին նույնիսկ նախարարի մակարդակով։ Այդ մասին հաղորդում է թուրքական Today’s Zaman-ը։ Որոշ վերլուծաբանների կարծիքով՝ այս քայլն Ադրբեջանի կողմից կարող է որպես §թատերական բեմականացում¦ դիտվել, որի շնորհիվ Ալիևը ցույց է տալիս, որ ինքը համընթաց է քայլում սեփական երկրում առկա հասարակական կարծիքին, իսկ իրականում նա տեղեկացված է Թուրքիայի և Հայաստանի կողմից ձեռնարկվող բոլոր քայլերի մասին։ Այս տեսակետը, ինչպես և յուրաքանչյուր այլ դիրքորոշում այս պահին դժվար է հերքել կամ հաստատել։ Իսկ ահա թուրքական լրատվամիջոցները հակառակ կարծիք են հայտնում։ Ինչպես հաղորդել է NTV-ն, Ադրբեջանի անհանգստությունը Հայաստանի և Թուրքիայի սահմանի բացման շուրջ դրդել է երկրի կառավարությանը Ստամբուլի գագաթաժողովին ուղարկել 5-հոգանոց պատվիրակություն՝ §Կրոնական համայնքների պետական հանձնաժողովի¦ ղեկավար Հայադաթ Օրուջովի գլխավորությամբ։ Օրուջովը Ստամբուլում կարճ ճեպազրույց է տվել՝ հայտարարելով, որ այսօր կայանալիք գագաթաժողովը շատ կարևոր է Բաքվի համար։ Today’s Zaman–ը, հղում կատարելով Թուրքիայի ԱԳՆ–ի դիվանագիտական աղբյուրների վրա, հայտնում է, որ դեռևս մարտի 27-ի դրությամբ՝ Իլհամ Ալիևի անունն այն ղեկավարների թվում էր, ովքեր արդեն հաստատել էին իրենց մասնակցությունը ֆորումին։ Սակայն Բաքվում իրավիճակը, հիրավի, թեժացել է, և պաշտոնյանները, այդ թվում նաև երկրի ընդդիմության ներկայացուցիչները, առիթը բաց չեն թողնում ադրբեջանական մամուլում հայ-թուրքական սահմանի բացման շուրջ իրենց վրդովմունքն ու բուռն արձագանքն հայտնելու համար։ Նշենք, որ այս համատեքստում ամենակտրուկ կարծիքներից մեկը հայտնել է Ադրբեջանի «Ազգային ճակատի» ղեկավար Քուդրեթ Հասանգուլիևը։ §Թուրքիայի §Արդարություն և զարգացում¦ կուսակցության քայլը դավաճանություն է Ադրբեջանի նկատմամբ, և մեր նախագահի՝ Ստամբուլի հանդիպմանը չմասնակցելու որոշումը ճիշտ է։ Մենք պետք է սատարենք այդ որոշումը¦,- նշել է Հասանգուլիևը։

No comments: