Monday, April 6, 2009

ՄԻԱՅՆ ԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԸՆԿՆԻ ԱԶԱՐՏԻ ՄԵՋ

Lragir 6-4-2009- Ինչ որ մի պահ թվում էր, որ հայ-թուրքական հարաբերություն ասված գործընթացը, որ մեկնարկեց ֆուտբոլային դիվանագիտություն կոչված հրավերով, մտել է սառեցման փուլ եւ փաստացի ոչինչ տեղի չի ունենում, ձեւական հանդիպումներից բացի, որոնց ընթացքում հայտնի էլ չէր, թե ինչ են քննարկում ասենք Սերժ Սարգսյանն ու Ռեջեփ Թայիբ Էրդողանը, կամ Ալի Բաբաջանն ու Էդվարդ Նալբանդյանը: Սակայն վերջին շրջանում մեկեն սկսեցին խոսակցություններ այն մասին, որ ահա ուր որ է հայ-թուրքական սահմանը բացվելու է: Սա ինքնին բավական տարօրինակ է, նկատի ունենալով այն, որ սովորաբար այդօրինակ "նվաճումների" հնարավոր է լինում հասնել երկարատեւ եւ համառ բանակցությունից հետո: Մինչդեռ հայ-թուրքական բանակցություն ասվածն ընդամենը ներառել է նախագահների 1, արտգործնախարարների 3-4 եւ մեկ էլ Հայաստանի նախագահի ու Թուրքիայի վարչապետի 1 հանդիպում: Ընդ որում, այդ հանդիպումների զգալի մասը տեւել է ընդամենը մի քանի րոպե, էլ չասած այն մասին, որ հանրությունն այդպես էլ չի տեղեկացել այդ հանդիպումների բուն նպատակին: Իհարկե, եղել են խոսակցություններ նաեւ ավելի ցածր մակարդակով հայ-թուրքական դիվանագիտական այսպես կոչված գաղտնի հանդիպումների մասին: Այդօրինակ շփումները սակայն հայ եւ թուրք դիվանագետների միջեւ նորություն չեն եւ եղել են նաեւ նախորդ տարիներին: Սակայն, եթե անգամ համարենք, որ բանակցության արդյունավետությանը նպաստել են նաեւ այդ շփումները, միեւնույն է, գաղտնի օրակարգով բանակցության արդյունավետությունը միշտ էլ կասկածելի է: Հայ-թուրքական սահմանի բացման մասին խոսակցությունների հորձանուտում այդ մասին կարծես թե ոչ ոք չի խոսում եւ հիշում: Որեւէ մեկին կարծես թե չի հետաքրքրում, թե ինչ հարցերից է իրականում կազմված հայ-թուրքական բանակցության օրակարգը եւ ումից է այդ օրակարգը պահվում գաղտնի: Ումից են կողմերը օրակարգը թաքցնում` հայ հասարակությունից, թուրք հասարակությունից, Ադրբեջանից, Ռուսաստանից, Ամերիկայից, Բուրկինա Ֆասոյից, թե պարզապես չար աչքից: Ինչու է այդ օրակարգը պահվում գաղտնի: Օրինակ, ամերկացի եւ թուրք դիվանագետները տարբեր առիթներով հայտարարում են, որ հայ-թուրքական հարաբերությունն ու Ղարաբաղի խնդիրը կապված են իրար: Հետո հայ դիվանագետները հերքում են այդ հայտարարությունը, ասում են, որ այդպիսի բան չկա: Հասարակությունն էլ ստիպված է հավատալ կամ մեկին, կամ մյուսին: Ամենից ճիշտն իհարկե փաստերին հավատալն է, սակայն նախ դրանք այդքան էլ միարժեք չեն, իսկ բացի այդ էլ եթե ամեն ինչ շաղկապելու տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացը կարող ենք դիտարկել նաեւ համաշխարհային տնտեսական ճգնաժամի դեմ պայքարի կամ էլ գլոբալ տաքացման դեմ ձեռնարկվող միջոցառումների համատեքստում: Միակ փաստը, որը շոշափելի է, դա այն է, որ հայ-թուրքական բանակցություն կամ շփումներ կոչված երեւույթի օրակարգը պահվում է գաղտնի: Հետեւաբար շատ դժվար է ասել, որ եթե իսկապես ձեռք է բերվել սահմանի բացման կամ հարաբերություն հաստատելու համաձայնություն, ապա ինչի հաշվին է ձեռք բերվել դա: Սակայն կա նաեւ այդ ամենի դիտարկման մեկ այլ տեսանկյուն, որը նույնպես պետք չէ հաշվից դուրս թողնել: Ի վերջո, գուցե ոչ մի գաղտնիություն էլ չկա, կամ կա, բայց գաղտնի է պահվում ոչ թե օրակարգը, այլ օրակարգի բացակայությունը: Այսինքն, իրականում հայ-թուրքական հանդիպումներն ընդամենը պարզ ձեւականություն են: Համաշխարհային դիվանագիտության մեջ դա նույնպես կիրառման տարբերակ է: Այսինքն, եթե ձեւականություն կա, ուրեմն դա ինչ որ մեկին պետք է: Իսկ հայ-թուրքական ձեւականությունը կարծես թե օգտակար է բոլորին: Թուրքիան այդպիսով ցույց է տալիս, որ զբաղված է փոխվելու շատ լուրջ գործընթացով, որ պատրաստ է վերանայել հայերի հետ իր բարդ հարաբերությունը, Հայաստանն այդպիսով փորձում է իր հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից, հատկապես քաղաքապետի ընտրության ժամանակաշրջանում շեղել դեպի հայ-թուրքական սահմանի բացում, որն այստեղ ներկայացվում է որպես փրկություն: Գերտերությունների համար հայ-թուրքական ձեւականությունը համաշխարհային տնտեսական ճգնաժամի դեմ արդեն ձանձրալի եւ միապաղաղ դարձող պայքարից մի փոքր շեղվելու հնարավորություն է, Ադրբեջանի համար հայ-թուրքական ձեւականությունը նույնպես նպաստավոր է, քանի որ Ալիեւը իր ժողովրդին ցույց կտա, թե ինչպես է ասենք ոչ թե Ադրբեջանի, այլ փաստացի Թուրքիայի հաշվին փորձում լուծել Ղարաբաղի հարցը: Պարզապես այդ ամենում կա մի մեծ վտանգ: Բանն այն է, որ այդ պրոցեսում, կողմերից որեւէ մեկը, հատկապես այն կողմը, որ բավական անփորձ է այդ կարգի դիվանագիտական տեղապտույտներում, հանկարծ ու ազարտի մեջ ընկնի, ու կոնկրետ ինչ որ քայլ անի, բոլորին դնելով փաստի առաջ: Այդ առումով ազարտի հավանականությունը մեծ է Հայաստանի համար: Բանն այն է, որ այդքան էլ մեծ չէ մեր երկրի փորձառությունը համաշխարհային դիվանագիտության հարցում: Այնպես որ, ոգեւորված լինելով այդ դիվանագիտության մեջ կոնկրետ մասնակցության փաստից, Հայաստանը կարող է ազարտի մեջ ընկնել ու վերցնել եւ կոնկրետ քայլ անել, ասենք Ղարաբաղի հարցում զիջման տեսքով, մտածելով, որ դա այն կարեւոր լուման է, որ կարող է ներդնել համաշխարհային դիվանագիտության սեղանին: Ահա սա է թերեւս այդ ամենի ամենամեծ վտանգը մեզ համար: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: