Monday, April 6, 2009

Է. Նալբանդյան. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի կարող հարցականի տակ դնել Հայոց ցեղասպանության իրողությունը»

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների, եւ այդ փոխըմբռնմամբ ենք մենք վարել եւ վարում բանակցությունները թուրքական կողմի հետ»,-լրատվամիջոցների խնդրանքով անդրադառնալով վերջին օրերին թուրք պաշտոնյաների կողմից արված հայտարարություններին, ըստ որոնց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորվում է այլ հարցերի, մասնավորապես` ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացով, ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքով, հարաբերությունների կարգավորումը կապակցված չէ ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման հետ, եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունների ընթացքում այդ հարցը երբեւէ քննարկման առարկա չի եղել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, ՀՀ արտգործնախարարը նշել Է. «Բազմիցս ասվել է, եւ կցանկանայի նորից ընգծել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի կարող հարցականի տակ դնել Հայոց ցեղասպանության իրողությունը: Այսօր տասնյակ երկրներ եւ միջազգային կազմակերպություններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, եւ Հայաստանը ողջունել է այդ ճանաչումը: Կարծում եմ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը նախապայմաններ առաջադրելու վերաբերյալ հայտարարությունները կարող են դիտվել որպես բանակցություններում արձանագրված առաջընթացը ձախողելու փորձ»:

No comments: