Thursday, May 14, 2009

Մեթյու Բրայզան դիվերսանտի դեր է կատարում բանակցություններում

/PanARMENIAN.Net/ 13.05.2009 - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացում նոր փուլ է սկսվել, որին հայկական կողմը պատրաստ չէ: Ադրբեջանն ակնհայտորեն ցանկանում է տեղափոխել բանակցային գործընթացն այլ միջազգային ատյաններ, մասնավորապես, ՄԱԿ: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտի ռեկտոր, քաղաքագետ Սուրեն Զոլյանը: «Մեզ այդ գործընթացը մտահոգում է մի շարք պատճառներով: Կարեւոր խնդիրներից մեկն այն է, որ բանակցային գործընթացում անմիջական մասնակցություն չունի Լեռնային Ղարաբաղը, կոմղ, որն ինքնորոշման իրավունք ունի»,-հայտարարել է հայ քաղաքագետը: Նրա խոսքերով, Ադրբեջանը տասնյակ բանաձեւեր է ներկայացրել ՄԱԿ, որոնք հետո կարող են անբարենպաստ հետեւանքներ ունենալ: «Ժամանակն է մեկ անգամ եւս հիշեցնել միջազգային հանրությանը Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի մասին»,-ընդգծել է Սուրեն Զոլյանը: Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի վերջին հայտարարությանը, հայ քաղաքագետը նշել է, որ ամերիկացի դիվանագետի հայտարարություններն արդեն դուրս են գալիս նրա լիազորությունների շրջանակներից: «Այն հարցերն, որոնք արծարծում է Մ.Բրայզան բանակցային գործընթացում, դիվերսիա է»,-նշել է քաղաքագետը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Բրայզան «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում չի ասել, թե «Ղարաբաղն ու մերձակա տարածքները» պետք է վերադարձվեն Ադրբեջանին: «Ես ասել եմ, որ ըստ ՄԽ առաջարկների, մերձակա տարածքները քայլ առ քայլ փախստականնեի հետ միասին կվերադարձվեն Ադրբեջանին, իսկ Ղարաբաղի ապագան այժմ բանակցությունների առարկա է: Դա կլինի նոր, կարելի է ասել, քաղաքական կառուցվածք»,-հայտարարել է նա:

No comments: