Thursday, May 14, 2009

Ղարաբաղյան խնդիրը կկարգավորվի, եթե Ադրբեջանը հրաժարվի ապակառուցողական մոտեցումից, ՀՀ ԱԳ նախարար

Tert.am 13-5-2009- Մայիսի 12-ին Մադրիդում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 119-րդ նիստին, որը տեղի է ունենում ԵԽ ստեղծման 60-ամյակի միջոցառումների շրջանակներում։ Նախարարների կոմիտեի նիստին մասնակցում էին ԵԽ անդամ 47 երկրների, 5 դիտորդ երկրների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պատվիրակությունները, ԵԽ խորհրդարանական վեհաժողովի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահները։ Այս մասին հաղորդում է ՀՀ արտգործնախարարություն մամուլի և տեղեկատվության վարչությունը։ Նախարարների կոմիտեի նիստին ելույթ ունեցավ նաև Էդվարդ Նալբանդյանը։ Իր խոսքում Հայաստանի արտգործնախարարն, ընդգծելով Եվրոպայի խորհրդի դերը կայուն և խաղաղ մայրցամաք կառուցելու գործում, անդրադարձավ նաև արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին` նշելով, որ իր անվտանգությունը ապահվելու Արցախի ժողովրդի մտահոգությունը ընկած էր ինքնորոշման իրավունքի օրինական պահանջի հիմքում, և դրան Ադրբեջանը հակադրեց ուժ` էթնիկ զտումներ, ապա անցավ բացահայտ լայնածավալ ագրեսիայի Լեռնային Ղարաբաղի դեմ` ներառելով ահաբեկչական խմբավորումների հետ կապված վարձկանների։ Խոսելով հիմնախնդրի հանգուցալուծման բանակցային գործընթացի մասին` նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ 2001թ. կողմերը բավական մոտ էին կարգավորմանը, սակայն Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման և ձեռք բերված պայմանավորվածություններից հրաժարվելու պատճառով դա չիրականացավ։ Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումը շարունակություն ունեցավ Ադրբեջանի ղեկավարության կողմից 2007թ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների գոյությունն իսկ ամիսներ շարունակ մերժելու տեսքով։ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները, 2008 թ. Մոսկվայում ու Հելսինկիում ընդունված հռչակագրերն ու հայտարարությունները գնահատելով որպես խաղաղ գործընթացում առաջընթացի նախանշաններ, Էդվարդ Նալբանդյանը հույս հայտնեց, որ եթե Ադրբեջանի ղեկավարությունը հրաժարվի իր ապակառուցողական մոտեցումներից և դադարեցնի ռազմատենչ և հայատյաց քարոզչությունը, ապա Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունները կարող են մոտեցնել կողմերի դիրքորոշումները և հանգեցնել խնդրի կարգավորմանը։

No comments: