Tuesday, May 26, 2009

ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՈՒ ԱՐՏԱՇԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՄԻՋԵՎ

Lragir 25-5-2009- Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը մայիսի 25-ին Իրավունք դե ֆակտո ակումբում խոսելով այն մասին, թե ինչպես է երկիրը կառավարում Սերժ Սարգսյանը, ասել է, թե ինքն առիթ չի ունեցել մինչ այժմ անդրադառնալ նրա նախագահության մեկ տարվան եւ օգտվելով լրագրողների հետ հանդիպման առիթից, կանի այդ բանը:Իսկ Սերժ Սարգսյանի նախագահության մեկ տարին Հմայակ Հովհաննիսյանը բնորոշել է մի համեմատությամբ: Ըստ Հմայակ Հովհաննիսյանի, անգամ եթե համեմատենք Սերժ Սարգսյանին Ռոբերտ Քոչարյանի, ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, ու առաջնորդվենք “ասա ով է շրջապատդ եւ կասեմ ով ես դու” սկզբունքով, ապա համեմատությունը Սերժ Սարգսյանի օգտին չէ, օրինակի համար համեմատելով Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմերի ղեկավարներին: “Այսինքն, սա վկայում է, որ գահավիժում ենք”, հայտարարել է Հմայակ Հովհաննիսյանը, նշելով, թե դրա լավագույն օրինակն է Հովիկ Աբրահամյանի վերջերս արած հայտարարությունը:“Քաղաքական գործիչ դառնալը մի քիչ էլ բախտի բան է, քանի որ կարող է պատահական մարդը դառնալ պատգամավոր եւ 5 տարի լինել քաղաքական գործիչ, բայց գործարար պատահական մարդը չի կարող դառնալ, քանի որ մեկ ամիս անց կսնանկանա”, Հովիկ Աբրահամյանի խոսքը մեջբերել է Հմայակ Հովհաննիսյանը, նշելով, որ դա լավագույն վկայությունն է, թե ուր ենք հասել:Հմայակ Հովհաննիսյանը նշում է, որ իրականում նորմալ երկրում պետք է լինի հակառակը եւ քաղաքական գործիչն է, որ չի կարող լինել ցանկացած, պատահական մարդ, իսկ ահա ցանկացածը պետք է հնարավորություն ունենա լինել գործարար: Մինչդեռ Հովիկ Աբրահամյանի խոսքը, ըստ Հմայակ Հովհաննիսյանի, վկայում է, որ Հայաստանում պատահական մարդը կարող է դառնալ քաղաքական գործիչ, իսկ գործարար լինելու համար պետք է թույլտվություն ստանալ Հովիկ Աբրահամյանից կամ կարեն կարապետյաններից:

No comments: