Lragir 19-5-2009- Ինչպես հայտնի է, Եվրատեսիլ 2009 մրցույթի կազմակերպիչները, անսալով Ադրբեջանի բողոքին, մրցույթի հեռուստատեսային տարբերակի համար մշակված այցեքարտային կոլաժների Հայաստանի տարբերակից հանել էին Ղարաբաղի խորհրդանիշը հանդիսացող “տատ ու պապի” պատկերը: Ադրբեջանը բողոքել էր, ռուսներն էլ հանել էին: Ռուսների այդ հնազանդությանը հայկական կոմը արձագանքեց հնարամտությամբ: Այսինքն, հայերը չբողոքեցին, չդժգոհեցին, այլ ընդամենը որոշեցին այլ ձեւ գտնել եւ “տատին ու պապին” մատուցեցին քվեարկության արդյունքները ներկայացնելու թղթապանակի տեսքով, որ բռնել էր Հայաստանի քվեարկության արդյունքը ներկայացնող Սիրուշոն: Այդպիսով, հարցը կարելի կլիներ համարել փակված, եթե չառաջանար արժանապատվության եւ հնարամտության միջեւ ընտրություն կատարելու խնդիրը: Հայաստանը կարծես թե ընտրեց հնարամտությունը, բացարձակապես չդիմադրելով եւ իր պաշտոնական դժգոհությունը չհայտնելով այն կապակցությամբ, որ ռուսները տեղի են տվել ադրբեջանական բողոքին: Օրինակ, Վրաստանը, երբ Եվրատեսիլի կազմակերպիչները պահանջեցին փոխել վրացական երգը կամ Պուտինին մերժելու մասին տողը, որ կազմվել էր բառախաղի միջոցով, չհամաձայնեց ոչինչ փոխել եւ հայտարարեց Եվրատեսիլին չմասնակցելու մասին: Այսինքն վրացիներն ընտրեցին արժանապատվությունը, թեեւ կարող էին այդ տողը երգից հանել եւ գրել թղթապանակի վրա ու մատուցել արդյունքները ներկայացնելիս: Բայց Վրաստանը պարզապես արժանապատվորեն հրաժարվեց մասնակցել Եվրատեսիլ 2009-ին: Իհարկե, ի տարբերություն Վրաստանի, Հայաստանը ռուսների հետ չի պատերազմել 2008 թվականի օգոստոսին: Սակայն միթե պատերազմ է պետք արժանապատվության զգացում ունենալու համար: Լավ, չէին հրաժարվում Եվրատեսիլին մասնակցելուց, գոնե թող կազմակերպիչներին պաշտոնական դժգոհություն հայտնեին “տատ ու պապին” հանելու որոշում կայացնելու կապակցությամբ, որով կազմակերպիչները կատարել էին ադրբեջանական պատվիրակության ցանկությունը կամ պահանջը: Սակայն հասկանալի է, որ Հայաստանը չէր համարձակվի անել այդպիսի բան: Այ եթե Եվրատեսիլը որեւէ այլ երկրում լիներ, Հայաստանը գուցե ոչ միայն դժգոհություն հայտներ, այլ նույնիսկ հրաժարվել մասնակցել, թեկուզ վերջին պահին, ինչպես օրինակ Վրաստանում ՆԱՏՕ զորավարժությանը: Բայց Մոսկվա Եվրատեսիլի չմեկնելը Հայաստանի ուժից պարզապես վեր է: Դա կարող է հղի լինել ոչ միայն երաժշտական կամ պատմամշակութային, այլ նաեւ տնտեսա-քաղաքական ծանր հետեւանքով, ինչին դիանալ Հայաստանն ուղղակի անզոր է:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment